2027թ. բյուջեից մետրոյի «Աջափնյակ» կայարանի համար 2 մլրդ դրամ է հատկացվելու (PAN.am)

Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նպատակով 2027 թվականի պետական բյուջեում նախատեսվել է 2 միլիարդ դրամ: Այդ մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածություն ունի, որ «Աջափնյակ» կայաւրանի շինարարական աշխատանքների ծավալների կամ ընթացքի արագացման դեպքում լրացուցիչ միջոցներ կհատկացվեն, հայտնում է Արմենպրեսը:

«Մեր կարծիքով՝ հաջորդ տարվա համար 2 մլրդ դրամից ավելի նախատեսելը իրատեսական չէր լինի։ Այդ գումարը հատկացրել ենք այն հաշվարկով, որ եթե հաջողություն ունենանք, և աշխատանքները նախատեսվածից ավելի արագ ընթանան, լրացուցիչ գումարներ կավելացնենք»,- ասել է նախարարը:

Նա հավելել է, որ առանձին ծրագրերով միջոցներ են նախատեսվում նաև մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման և զարգացման համար։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Երևանի մետրոպոլիտենը պետական ենթակառուցվածք է, որը կառավարման նպատակով հանձնված է Երևանի քաղաքապետարանին, իսկ կառավարությունը նաև սուբսիդավորում է ուղևորափոխադրումները։

Ավելի վաղ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար անհրաժեշտ տարածքները գերակա շահ են ճանաչվելու:

Leave a comment