Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է 2027-ի պետբյուջեի նախագծով նախարարության նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախարարության նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։
Նախատեսվում է շուրջ 13,1 մլրդ դրամ ուղղել 6 ծրագրի շրջանակում ընդգրկված 24 միջոցառման իրականացմանը՝ բնական ռեսուրսների պահպանության, արդյունավետ օգտագործման և բնապահպանական կառավարման համակարգի ամրապնդման նպատակով։
«Անտառների կառավարում» ծրագրին նախատեսվում է հատկացնել շուրջ 7,1 մլրդ դրամ, որից 5,6 մլրդ դրամը՝ էկոպարեկային ծառայության գործունեության ապահովմանը։ Կշարունակվեն ծառայության համալրումն ու տեխնիկական վերազինումը, կիրականացվեն 65 հեկտար անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներ, ինչպես նաև նախորդ տարիներին հիմնադրված ավելի քան 995 հեկտար անտառի խնամք։
Հատուկ ուշադրության կենտրոնում են Սևանի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանությունն ու ձկնային պաշարների վերականգնումը։ 2027 թվականին նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել 1,2 մլն մանրաձուկ։ Կշարունակվեն նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, շրջակա միջավայրի մշտադիտարկման և գիտական ուսումնասիրությունների աշխատանքները։
Նախարարը կարևորել է նաև համայնքներում իրականացվող բնապահպանական ծրագրերը։ Նախատեսվում է շուրջ 494,7 մլն դրամ սուբվենցիա տրամադրել 10 ազդակիր համայնքի՝ կանաչապատման, վերականգնվող էներգիայի, ջրախնայող համակարգերի ներդրման և առողջապահական միջոցառումների իրականացման համար։
Նախարարի խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից է հատկացվող միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը՝ յուրաքանչյուր ծրագիր վերածելով բնության և քաղաքացիների համար շոշափելի արդյունքի։
Անդրադառնալով 2026 թվականի համեմատ նախատեսվող ֆինանսավորման շուրջ 2,5 մլրդ դրամով նվազմանը՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ այն պայմանավորված է միջազգային դրամաշնորհային ծրագրերի ավարտով և դրանց իրականացման ժամանակացույցով, ինչպես նաև COP17-ի կազմակերպչական աշխատանքների ավարտով։