2027-ին ՏԿԵՆ-ին կտրամադրվի 362 մլրդ դրամ՝ 2026 թվականի համեմատությամբ 37 մլրդ դրամով ավելի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 9-ի համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով մի շարք գերատեսչություններին ուղղվելիք միջոցները։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կտրամադրվի 362 մլրդ դրամ։ Այն 2026 թվականի համեմատ ավելի է 37 մլրդ դրամով։
Զեկուցողի խոսքով կապիտալ ծախսերը կազմում են 165 մլրդ դրամ, որը 2026 թվականի համեմատ ավելի է 12 մլրդ 933 մլն դրամով։
Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Երևան քաղաքին տարբեր մարմինների միջոցով տրամադրվելու է 52 մլրդ 173 մլն դրամ․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեով տրամադրվելու է 27 մլրդ դրամ, իսկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեով՝ 25 մլրդ դրամ։
Նախարարի խոսքով մարզպետարանները, ընդհանուր առմամբ, 2027 թվականին կստանան 5 մլրդ 106 մլն դրամ, որից Արագածոտնի մարզպետի աշխատակազմին կհատկացվի 493 մլն դրամ, Արարատի մարզպետարանը կստանա 464 մլն դրամ, Արմավիրի մարզպետարանը՝ 486 մլն դրամ, Գեղարքունիքի մարզպետարանը՝ 588 մլն դրամ, Լոռու մարզպետարանը՝ 557 մլն դրամ, Կոտայքի մարզպետարանը՝ 517 մլն դրամ, Շիրակի մարզպետարանը՝ 554 մլն դրամ, Սյունիքի մարզպետարանը՝ 490 մլն դրամ, Վայոց ձորի մարզպետարանը՝ 445 մլն դրամ և Տավուշի մարզպետարանը՝ 506 մլն դրամ։
Զեկուցողը խոսել է նաև կապիտալ ծախսերի գծով որոշ ավելացումների մասին։
Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ Շրջակա միջավայրի նախարարության գալիք տարվա բյուջեն կկազմի 13 մլրդ 138 մլն դրամ։ Այն 2026 թվականի համեմատ պակասել է 2 մլրդ 561 մլն դրամով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ գալիք տարի նախարարությունն իրականացնելու է 19 ծրագիր և 116 միջոցառում։ Ծախսային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 362,1 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 37,7 մլրդ դրամով։
Նախարարն ըստ ոլորտների և ծրագրերի ներկայացրել է ֆինանսական հատկացումները, այնուհետև պատասխանել պատգամավորների հարցերին։