Հանրապետությունում տիրող բարձր հրդեհավտանգ իրավիճակի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթի պատճառով՝ հուլիսի 12-ին արգելոցը փակ կլինի բոլոր տեսակի այցելությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հնարավոր հրդեհների առաջացումն ու դրանց ծանր հետևանքները կանխելու նպատակով նախարարությունը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգոնություն և արգելոցի ու հարակից տարածքներում խստորեն պահպանել հրդեհային անվտանգության հետևյալ կանոնները.
-
Բաց կրակ և թափոններ. Չնետել այրվող լուցկի կամ չմարված ծխախոտի մնացորդներ, չայրել չոր խոտ կամ կենցաղային աղբ։
-
Խարույկների վառում. Խարույկ վառել բացառապես դրա համար նախատեսված հատուկ վայրերում, իսկ տարածքից հեռանալուց առաջ այն ամբողջությամբ մարել ջրով կամ հողով։
-
Ապակյա թափոններ. Բնության մեջ չթողնել ապակյա շշեր կամ բեկորներ, քանի որ դրանք արևի ճառագայթների տակ գործում են որպես ոսպնյակ և կարող են հրդեհի բռնկման պատճառ դառնալ։
Նախարարությունը հայցում է քաղաքացիների աջակցությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին, Էկոպարեկային ծառայությանը և ՆԳՆ Փրկարար ծառայությանը՝ անտառային հրդեհների կանխարգելման և արգելոցային ռեժիմի պահպանության հարցում։