ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ արհեստական բանականությունը զարգանում է ավելի արագ, քան որևէ մեկը կարող է հասցնել դրա հետևից՝ ընդգծելով գլոբալ առումով համաձայնեցված կանոնների անհրաժեշտությունը՝ նվազեցնելու դրանից բխող հնարավոր ռիսկերը՝ հատկապես երեխաների համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
«Տեխնոլոգիան, որը կարող է վերաձևավորել տնտեսությունները, փոխակերպել աշխատանքների բնույթը, ազդել ընտրությունների վրա և խախտել անվտանգային հավասարակշռությունը, ներդրվում է ավելի արագ, քան որևէ մեկը, այդ թվում և այն ստեղծողները, կարող են հասցնել դրա հետևից», – հուլիսի 6-ին Ժնևում ասել է Անտոնիու Գուտերեշը ԱԲ թեմայով բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
«Նորարարությանն անհրաժեշտ են սահմանափակող պատնեշներ… Եթե ԱԲ-ն պետք է լինի հզոր, այն պետք է կառավարվի», – ասել է Գուտերեշը ներկաներին։
Ժնևում առաջին անգամ անցկացվող ՄԱԿ-ի` ԱԲ կառավարման գլոբալ երկխոսության (U.N. Global Dialogue on AI Governance) նպատակն է քննարկել, թե ինչպես է անհրաժեշտ սահմանել կանոններ՝ նվազեցնելու ԱԲ-ի հնարավոր վնասները, ինչպես նաև օգտվելու դրա հնարավորություններից։
Պատվիրակները կքննարկեն ՄԱԿ-ի աջակցությամբ գործող և 40 փորձագետներից կազմված անկախ գիտական հանձնաժողովի զեկույցը, որը կներկայացնի ԱԲ-ի առաջին գլոբալ, անկախ գիտական գնահատման արդյունքները։
Ավելի համապարփակ զեկույցը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ երկրորդ համաշխարհային հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում։