Իրանը նախազգուշացրել է Հորմուզի նեղուցում օտարերկրյա ռազմական ներկայության հետևանքների մասին

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին նախազգուշացրել է Հորմուզի նեղուցում ցանկացած օտարերկրյա ռազմական ներկայության անթույլատրելիության մասին՝ այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել էին ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրային ուղում նավարկության ազատության ապահովմանն աջակցելու պատրաստակամության մասին։

«Հորմուզի նեղուցը օտարերկրյա տերությունների ռազմական ցուցադրությունների վայր չէ։ Իրանը, որպես պատասխանատու պետություն և նեղուցի անվտանգության երաշխավոր, նախազգուշացնում է այս ջրային ուղում ցանկացած ռազմական գործողության հետևանքների մասին»,- X սոցիալական ցանցում գրել է Ղարիբաբադին։

Նրա խոսքով՝ «Հորմուզի անվտանգությունը պատկանում է առափնյա պետություններին», իսկ «ճգնաժամեր ստեղծողները պատասխանատվություն են կրելու իրենց արկածախնդրության հետևանքների համար»։ «Սա լուրջ նախազգուշացում է»,- ընդգծել է նա։

Ղարիբաբադիի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտնել էին Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու նպատակով ավելի լայն բազմազգ ռազմական առաքելություն տեղակայելու պատրաստակամության մասին։ Կողմերը նաև հայտարարել էին Օմանի հետ համագործակցության մտադրության մասին՝ նրա տարածքային ջրերում անվտանգ նավարկություն ապահովելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment