ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ


ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է երկօրյա աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Գյումրի, Ախուրյան, Արթիկ, Անի, Աշոցք և Ամասիա համայնքների քաղաքաշինության ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները։


Երկօրյա հանդիպման առանցքային թեման քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և ձևակերպման գործընթացն էր, որի շրջանակում վերլուծվել են փաստաթղթաշրջանառության իրավական հիմքերը, միասնական չափորոշիչների կիրառումն ու տեխնիկական առաջադրանքների կազմման առանձնահատկությունները։


Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրության է արժանացել պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների որակի և ժամկետների վերահսկողության հարցը։ Քանի որ սուբվենցիոն ծրագրերը հանդիսանում են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հիմնական շարժիչ ուժը, մասնակիցները քննարկել են վերահսկողական մեխանիզմների ուժեղացման, տեխնիկական և հեղինակային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման ուղիները։ Նպատակն է ապահովել ներդրվող ֆինանսական միջոցների նպատակային ու թափանցիկ օգտագործումը՝ բացառելով հնարավոր թերացումները։


Մյուս կարևորագույն ուղղությունը վերաբերել է ինքնակամ շինությունների հիմնախնդրին։ Ներկայացվել են ոլորտը կարգավորող օրենսդրական վերջին փոփոխությունները, ինքնակամ կառույցների հաշվառման, օրինականացման կամ ապամոնտաժման իրավական ընթացակարգերը։ Մասնագետները փաստել են, որ ինքնակամ շինարարության կանխարգելումը և ժամանակին հայտնաբերումը առաջնահերթություն են համայնքների ճարտարապետական տեսքի պահպանման և քաղաքաշինական կարգապահության հաստատման գործում։


Երկօրյա քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մի շարք այլ հարակից թեմաների, այդ թվում՝ համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների պարբերական կատարելագործմանը, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգերի լիարժեք կիրառմանը, համայնք-բնակիչ-կառուցապատող փոխհարաբերությունների թափանցիկության ապահովմանը։


Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ տարածքային բաժինների և համայնքների համապատասխան մասնագետների հետ այսպիսի ձևաչափով համատեղ աշխատանքային քննարկումները լինելու են պարբերական և կրելու են շարունակական բնույթ։

Դիտումների քանակ8

Leave a comment