Թեհրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն նախատեսվում
Իրանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Կատարում ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային նշել է, որ իրանական պատվիրակությունն այս շաբաթ կայցելի Դոհա՝ փոխըմբռնման հուշագրի մի շարք դրույթների, մասնավորապես՝ Իրանի սառեցված ակտիվների ապաշրջափակման հարցերի շուրջ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչների այցը որևէ կապ չունի իրանական պատվիրակության ուղևորության հետ։
Բաղային նաև ընդգծել է, որ Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկա-իրանական բանակցությունները Թեհրանի խնդրանքով պետք է անցկացվեն Դոհայում, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այս շաբաթ կուղևորվեն Կատար՝ Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։