«Ադրբեջանն էլ ունի անհայտ կորածներ, մենք էլ ունենք անհայտ կորածներ, այդ հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը։ Մենք պատրաստ ենք այդ համագործակցությանը, այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցը քաղաքական նպատակներով են օգտագործում՝ թշնամական խոսույթներ գեներացնելու եւ այլ նպատակներով»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Մենք հարցին այլ տրամաբանությամբ ենք վերաբերվում, մենք կարծում են, որ, այո, խաղաղության հաստատումից հետո պետք է ջանքեր գործադրենք այդ հարցը պարզաբանելու համար»։
Փաշինյանի խոսքով՝ 1990-ականներից մինչեւ այսօր հայկական կողմն ունի գտնվելու վայրն անհայտ մոտ 1000 անձ։
«Մենք պատրաստ ենք համագործակցել, նաեւ երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքները, համագործակցությունը սերտացնելու վերաբերյալ քննարկում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ Բիշքեկում տեղի ունեցած հանդիպման ընթացքում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ադրբեջանի որոշ շրջանակներ փորձում են տպավորություն ստեղծել, թե մենք գիտենք՝ որտեղ են գտնվում այդ մարդիկ եւ զլանում ենք տեղեկատվությունը կիսել, դա այդպես չէ։ Նույնն էլ մենք կարող ենք իրենց դեպքում ասել, բայց ես կարծում եմ, որ ճիշտ մոտեցումն այն է, որ մենք համագործակցենք եւ այդ խնդիրը լուծենք, այդ էջը փակենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բիշքեկում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: