Օնիշչենկո․ Հայաստանյան արտադրանքը բարձրորակ է, բայց ավելի խիստ վերահսկողություն է պետք

Հայաստանում անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը գյուղմթերքների նկատմամբ ինչպես ֆերմերային տնտեսությունների մակարդակով, այնպես էլ արտահանող ընկերությունների շրջանում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Մինսկ-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ մեկնաբանելով Հայաստանից Ռուսաստան մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները։

Ընդ որում, Օնիշչենկոն ընդգծել է, որ հայաստանյան գյուղատնտեսական արտադրանքն ավանդաբար աչքի է ընկնում բարձր որակով, ինչին, նրա խոսքով, նպաստում է նաև միկրոտարրերով հարուստ հրաբխային հողը:

Որպես օրինակ նա բերել է հայկական պղպեղը։

«Ես միշտ ճշտում եմ՝ եթե հայկական է, գնում եմ։ Տարբեր տարածաշրջաններում աճեցված նույն սորտերն արտաքինից նույն տեսքն ունեն, բայց որակով էապես տարբերվում են», – նշել է մասնագետը։

Դրա հետ մեկտեղ, Օնիշչենկոյի խոսքով, «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը ավելի վաղ մատնանշել էր Հայաստանում համակարգային պետական վերահսկողության բացակայությունը ինչպես մասնավոր ֆերմերային տնտեսություններում, այնպես էլ մեծածախ ընկերություններում, որոնք բերք են գնում Ռուսաստան հետագա արտահանման համար:

«Սա Դանկվերտի հիմնական փաստարկն էր։ Ես փաստական նյութեր չունեմ, որովհետև դրանք, բնականաբար, չեն հրապարակվում։ Բայց պետք է համաձայնեմ, որ համակարգված վերահսկողության բացակայությունն իսկապես կարող է հարցեր առաջացնել», — ասել է նա։

Օնիշչենկոն հավելել է, որ խնդիրը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության հարթակում, որտեղ գործում է տեխնիկական կարգավորման կոլեգիա:

Նրա կարծիքով՝ պատկան կառույցներն անհրաժեշտ մեխանիզմներ ունեն իրավիճակի կարգավորման համար։

«Սա բարդ մասնագիտական հարց է, որը հնարավոր չէ բացատրել երկու բառով։ Բայց մասնագետները գիտեն, թե ինչ անել: Հայաստանում սանիտարական ծառայությունը միշտ էլ լավ կազմակերպված է եղել։ Ես հիշում եմ բոլոր հիմնական սանիտարական բժիշկներին խորհրդային ժամանակներից: Այժմ այդ գերատեսչությունը, հնարավոր է, այլ կերպ է կոչվում, բայց անհրաժեշտ կարողությունները պահպանվել են», – հայտարարել է Օնիշչենկոն։

Նշենք, որ մայիս ամսից «Ռոսսելխոզնադզորը» փուլային սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ապրանքների մատակարարման վրա։ Նախ ստուգումներ են կատարվել մի շարք ձկնաբուծական ձեռնարկություններում, այնուհետև՝ ծաղիկների, բանջարեղենի, կանաչու և ելակի մատակարարումներում։ Հունիսի 2 -ից սահմանափակումները տարածվել են կորիզավոր մշակաբույսերի և խաղողի, իսկ հունիսի 12-ից՝ հայաստանյան ծագման գրեթե բոլոր բուսական արտադրանքի վրա՝ բացառությամբ պահածոների:

Գերատեսչությունում որոշումները բացատրում են հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Ընդ որում, Ռուսաստանը մնում է հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան, որին բաժին է ընկնում նրա արտահանման ավելի քան 90 %-ը։

Sputnik Արմենիա

Leave a comment