«Ունենք մի իրավիճակ, որ 530 օրից ավելի է՝ Սամվել Կարապետյանը զրկված է ազատությունից։ Այս ժամանակաշրջանը ներառում է թե′ կալանքը, թե′ տնային կալանքի ժամանակահատվածը։ Մենք ունենք նման տևական անազատություն առանց որևէ իրավական հիմքի»,- մամուլի ասուլիսի ժամանակ փաստեց ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքին։
Նա ընդգծեց, որ այս Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթ հարուցված էր դեռևս 2026-ի հունվարին․ «Ուզում եք անունը դնենք սկանդալային բացահայտում անել․ Քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան Հանրայինի եթերում կատարում է բացահայտում, ասում, որ այս նոր քրեական վարույթը հարուցված է եղել 2026-ի հունվարին։ Այսինքն՝ 2026-ի հունվարին հարուցում են քրեական վարույթ՝ պայմանական ՀԷՑ-ի վերաբերյալ քրեական գործ, ոչինչ չեն անում, սպասում են այն պահին, երբ իրենց պատկերացրած օրակարգը ձախողվում է, և դրան ի՞նչ պետք է հաջորդի՝ կալանք։ Այս իշխանությունները մեկ բան հստակ անում են՝ կալանքը։ Ուրիշ գործիք չգիտեն, տարատեսակ զիջումներ միշտ պատրաստ են անել, բայց կալանքը երբեք չեն զիջում»։
Անդրադառնալով այն հայտարարություններին, թե ՀԷՑ-ը շահույթը գեներացրել է սպառողներից՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Էդ նույն ՀԷՑ-ը 2015-ին եղել է սնանկության եզրին։ Եթե Սամվել Կարապետյանը չստանձներ պատասխանատվություն ՀԷՑ-ի համար, մենք 2015-ին ունենալու էին հոսանքազրկված ՀՀ։ Ավելին, մենք չէինք ունենա այն սակագինը, որն այսօր կա սպառողների համար։ Էլեկտրիկ Երևանի պատճառն այն էր, որ սակագինը պետք է բարձրանար։ Ֆինանսական դրությունն էլ այնպիսին էր, որ դա էր միակ լուծումը։ Ի պատասխան ՀՀ իշխանությունների խնդրանքի՝ Սամվել Կարապետյանը ոչ թե սակագինը բարձրացրեց, այլ կատարեց շուրջ 700 միլիոն դոլարի ներդրում»։ Անդրադառնալով 64 միլիարդ դրամի չարաշահումների մեջ Սամվել Կարապետյանին մեղադրելու փաստին՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Սամվել Կարապետյանը մեկ դրամ լինի, թե 64 դրամ որևէ չարաշահման հետ առնչություն չի ունեցել։ Եվ այս պայմաններում մենք նորից խոսում ենք կալանքի մասին»։
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: