Ոչ մի լավություն չի մնում անպատիժ. Նազենի Հովհաննիսյանը՝ Դիլիջանում Հաջիևի զբոսանքի մասին

Հաաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում գտնվելու և համատեղ զբոսանքի փաստը քաղաքական ու հանրային դաշտում բուռն քննադատությունների և դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Իրավիճակին սուր ու հուզական գրառումներով արձագանքել են թե՛ քաղաքական գործիչները, թե՛ մշակութային դեմքերը:

Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում քննադատական հրապարակումների շարք է արել՝ արձագանքելով ներքաղաքական ու արտաքին վերջին զարգացումներին: 
Նա նույնպես իր վրդովմունքն է արտահայտել Դիլիջանում կայացած այդ զբոսանքի վերաբերյալ՝ կից հրապարակելով Բաքվի բանտում ապօրինի պահվող մեծանուն բարերար Ռուբեն Վարդանյանի լուսանկարը՝ Դիլիջանի «VEREV» պարանների այգու ֆոնին.

«Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ, այսօր հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում»։

Հովհաննիսյանը մատնանշել է ստեղծված իրավիճակի ողբերգական պարադոքսը. զբոսանքը տեղի է ունենում մի քաղաքում, որտեղ հենց Ռուբեն Վարդանյանն է կատարել 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի շնորհիվ Դիլիջանը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից մեկը:

«Ոչ մի լավություն չի մնում անպատիժ,  իրոք որ»,- հավելել է հաղորդավարուհին:

Leave a comment