«Հայրը քվեարկել է որդու անձնագրով, 3 անձի քվեարկություն տեսանելի է եղել. հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազին»․ Արթուր Սաքունց

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Արթուր Սաքունցն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեց այսօր անցկացվող ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումները։

Նա նշեց, որ դիտարկված ընտրատեղամասային կենտրոնների 43 տոկոսում արձանագրվել են մուտքի խոչընդոտի դեպքեր։

Դիտարկված ընտրատեղամասային կենտրոնների 30 տոկոսում սենյակային պայմաններն անբավարար են գնահատվել` լուսավորության, ջեռուցման և այլ խնդիրներ են արձանագրվել։

Տասնմեկ ընտրատեղամասերում արձանագրվել են հանձնաժողովների գրանցամատյանների լրացման հետ կապված խախտումներ։ Նա նշեց, որ հանձնաժողովներն ականջալուր են և դիտորդների կողմից բարձրացված հարցերին լուծում են տալիս։ «Օրինակ՝ մեր դիտորդների կողմից ներկայացված դիտարկումների 80 տոկոսը շտկվել են»։

Ընդհանուր առմամբ մինչև 13։30-ը դիտարկված 263 ընտրատեղամասերից խախտումներ են արձանագրվել 56-ում՝ շուրջ 22 տոկոսում՝ թվով 78 խախտում է արձանագրվել։ Սաքունցի խոսքով՝ առավել շատ խախտումներ արձանագրվել են Կապան, Սպիտակ և Սևան համայնքներում։

Օրինակ՝ ոչ միշտ են հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները տալու ժամանակ ընտրողին բացատրում քվեարկության կարգը։ Ընտրողերի ուղղորդման 7 դեպք է արձանագրվել։

Գտնվելու իրավունքի խախտման հետ կապված 22 դեպք է արձանագրվել։

«Կուսակցությունների վստահված անձինք դեռևս չեն հասկանում, որ իրենք վստահված անձի կարգավիճակում պարտավորություն կամ լիազորություն ունեն հետևելու, որպեսզի ընտրական գործընթացը տեղի ունենա օրենքին համապատասխան, բայց որոշ վստահված անձինք շարունակում են գործել իրենց համակիր ընտրողներին տեղամաս բերելու, ուղղորդելու գործառույթի շրջանակներում։ Իրենք չեն պատկերացնում, որ իրենց խնդիրն է ընտրական գործընթաց վերահսկողությունը և խախտումներ թույլ չտալը։ Սրա հետ կապված մենք տեսանք նաև ոստիկանության ծույլ պահվածքը, կուտակումներն իրենք պետք է վերացնեն»,- ասաց Սաքունցը։

Նա նշեց, որ հանցանքի մասին երկու հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազին։

«Մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքի 214 հոդվածի հատկանիշներով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն։ Աշտարակի 17/6 տեղամասում հայրը քվեարկել է որդու անձնագրով, ապա հեռացել է։ Տեղամաս է մոտեցել որդին իր անձնագրով, տեխնիկական սարքում վառվել է կարմիր լույս, տեղամաս է հրավիրվել ոստիկանության օպերատիվ  խումբը։ Հիմա կպարզեն՝ շփոթմամբ է որդու անձնագրով եկել քվեարկել, թե՞ ինչ։ Մեկ հաղորդում էլ վերաբերել է Քրեական օրենսգրքի 215 հոդվածի հատկանիշներին, դա քվեարկության գաղտնիության խախտումն է։ Աշտարակ 17/5 տեղամասում երեք անձ քվեարկել են այնպես, որ տեսանելի լինի իրենց քվեարկությունը»,- նշեց Արթուր Սաքունցը։

Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment