ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Բեյրութում «Հեզբոլլահի» շտաբի վրա Իսրայելի հասցրած հարվածի կապակցությամբ։
Նա նշել է, որ «Հեզբոլլահի» կողմից իրականացված գնդակոծությունը չէր պահանջում այդքան հզոր պատասխան և կոչ է արել Իսրայելին այլևս հարվածներ չհասցնել Լիբանանին, որպեսզի չվտանգվի ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող խաղաղ գործընթացը։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը զինվորականներին հանձնարարել է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խաթարել ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Իրանում կոշտ քննադատության են ենթարկել ինչպես Իսրայելի, այնպես էլ ԱՄՆ-ի գործողությունները։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Գալիբաֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կա՛մ չի կարող, կա՛մ չի ցանկանում կատարել իր պարտավորությունները։
Միաժամանակ մտահոգություններ են հնչում, որ Իրանը կարող է նոր հարված հասցնել Իսրայելին և հրաժարվել Վաշինգտոնի հետ հուշագրի ստորագրումից, որը, ըստ ավելի վաղ հրապարակումների, կարող էր ստորագրվել արդեն հունիսի 14-ին։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իսրայելում ժամանակավորապես արգելվել են 5000-ից ավելի մասնակցով հավաքները՝ հնարավոր հրթիռային հարձակումների սպառնալիքի պատճառով։