Ավելի քան 1կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել միջազգային սուրհանդակային առաքանուց

Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ինչպես նաև  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Հիշյալ առաքանու մեջ, բացի անձնական օգտագործման իրերից ու առարկաներից, հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցին նմանվող, սուր հոտով կոշտ զանգվածների պարունակությամբ թիթեղյա տարա:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, պարզել են, թե՛ «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցը ՀՀ տարածքում ստացող անձի և թե՛ այն անձի ինքնությունը, ում պետք է փոխանցվեր նշված թմրամիջոցը։

Երևան քաղաքի տարբեր հատվածներից ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ Հ․Մ․-ն և Ա․Ի․-ն: Նրանք  ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: Քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ վերջիններս ձերբակալվել են:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից խուզարկություններ են իրականացվել նաև ձերբակալված անձանց բնակության վայրերում: Արդյունքում, հայտնաբերվել են վարույթն իրականացնող մարմնին հետաքրքրող առարկաներ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment