Ձերբակալությունները կազդե՞ն ընտրությունների արդյունքի վրա
Այսօրվա ձերբակալություններն ու կալանավորումները վախի մթնոլորտ ստեղծելու համար են, սակայն այն մեծ իմաստով չի կարող ազդել ընտրությունների վրա։ Համոզված է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ըստ նրա՝ այս գործընթացը հակառակ ազդեցություն է ունենալու։ «Տատանվող ընտրազանգվածն արդեն իր քվեն չի տա գործող իշխանությանը, այլ կտա հայտնի եռյակ ուժերից որեւէ մեկին։ Իշխանությունը սխալ տեխնոլոգիա է կիրառում»,- «Ա1+»-ին ասաց Արմեն Բադալյանը։
Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանի խոսքերով՝ սա իշխանության նախընտրական քայլն է, որ պայքար են մղում նախկին իշխանությունների դեմ: Իսկ այս ամենը անհրաժեշտ է նախընտրական պրիզմայով նայել։ Ըստ նրա՝ այս գործընթացը իշխող կուսակցության ընտրողների վրա դրական ազդեցություն կունենա, իսկ թե այն ինչպես կազդի այլ անձանց վրա, Տիգրան Գրիգորյանը դժվարանում է պատասխանել։
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են նախկին պաշտոնյաներ՝ տրանսպորտի եւ կապի նախկին նածարար Գագիկ Բեգլարյանը, Կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, նրա որդին, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, իսկ Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը կալանավորվել է։
Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում «Armat Media» լրատվական գործակալությունում։