ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փոխանակել 314 գերիների, ինչը վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին նմանատիպ գործողությունն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Ուիթքոֆը X-ի իր միկրոբլոգում նշել է, որ այս արդյունքը ձեռք է բերվել մանրամասն և արդյունավետ խաղաղության բանակցությունների միջոցով: Ըստ հատուկ ներկայացուցչի՝ թեև պատերազմն ավարտելու համար դեռևս զգալի աշխատանք կա կատարելու, նման քայլերը դիվանագիտական ներգրավվածության շոշափելի արդյունք են։
Ուկրաինայի գլխավոր բանակցողն Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկած բանակցությունների առաջին օրը որակել էր արդյունավետ, մինչդեռ ռազմական գործողությունները շարունակվում էին: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ ակնկալում է գերիների նոր փոխանակում այս հանդիպումների արդյունքում
Ուիթքոֆը չի հստակեցրել, թե կողմերից յուրաքանչյուրը քանի գերի է փոխանակելու, սակայն նշել է, որ քննարկումները կշարունակվեն և առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։
The post Ռուսաստանն ու Ուկրաինան Աբու-Դաբիում պայմանավորվել են գերիներ փոխանակել appeared first on CIVILNET.