Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռներին՝ դրանք որակելով ակնհայտ շինծու և ապօրինի:
Եկեղեցին հաստատել է իր հանձնառությունը՝ օգտագործելու աշխարհասփյուռ թեմական կառույցների հնարավորությունները միջազգային ու միջեկեղեցական հարթակներում գերեվարված հայորդիների ազատ արձակմանն ու հայրենադարձմանը հասնելու համար:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։
Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին»,-ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ։
***
Բաքվի ռազմական դատարանը փետրվարի 5-ին հրապարակել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և 8 հայերի դատավճիռները։
Ադրբեջանն Արցախի նախկին ղեկավարությանը և 8 քաղաքացիական անձանց մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների» և «ցեղասպանության» համար։
Բաքվի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Նույն գործով անցնող քաղաքացիական անձանցից Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը և Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանն Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարներին գերեվարել է 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տեղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո։
Քրեական գործով մեղադրական եզրակացությունը 2024-ի դեկտեմբերի 16-ին հաստատվել էր Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է մյուսների գործից և քննվում է առանձին վարույթով:
The post Մայր Աթոռը հանձնառություն է հայտնել միջազգային հարթակներում պայքարել հայ գերիների ազատ արձակման համար appeared first on CIVILNET.