Հիմնականում յուրաքանչյուր հայ նվիրված է իր երեխաներին և աշխատում, արարում է հանուն նրանց ապագայի։ Մենք չենք մտածում՝ թող մեր երեխաները մեծանան ու իրենք իրենց կյանքը կառուցեն։ Եթե հնարավորություն ունենանք, պատրաստ ենք ապահովել ոչ միայն մեր երեխաներին, այլ նաև նրանց երեխաներին, նույնիսկ յոթ պորտ այն կողմ՝ տներով, հնարավորություններով ու ապահով կյանքով, որպեսզի ապագա սերունդներն ամեն ինչ ունենան։
Սա լավ է, թե վատ՝ չգիտեմ, բայց մենք՝ հայերս, այդպես ենք մտածում։ Մենք պատրաստ ենք անհատական մակարդակում ամեն ինչ անել, նույնիսկ մեր կյանքը նվիրել մեր երեխաներին, և դա, իմ կարծիքով, լավ է։
Բայց ես կցանկանայի, որ նաև գիտակցենք՝ եթե ամեն մեկս մեր երեխաների համար ստեղծում ենք, մեր պատկերացմամբ, լավ ապագա, դա դեռ քիչ է, որպեսզի նրանք իսկապես ունենան այդ լավ ապագան։ Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաների համար ամենակարևոր խնդիրը անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելն է։
Որպեսզի այն տները, բիզնեսները, ունեցվածքը, որ այսօր կառուցում կամ ձեռք ենք բերում՝ մեր երեխաներին թողնելու համար, իսկապես մնան նրանց, նախ և առաջ պետք է լինի պետությունը՝ անվտանգ, կայուն ու պաշտպանված։