Արտակ Զաքարյան. Ինչպես տեսնում ենք, ավելի պարզ ակնարկել պանթյուրքիզմի արդիականության մասին՝ երևի հնարավոր չէ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Անկարայում, Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:

Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ), ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում, այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների):

Անշուշտ, նման արձանների բացումն ունի պատմա-քաղաքական հստակ նշանակություն և ուղերձ:

Երբ Թուրքիայում կանգնեցնում են Կովկասյան իսլամական բանակին նվիրված հուշարձան, այն ընկալվում է որպես 1918 թվականին Բաքուն գրաված  թուրք զինվորականների հիշատակի մեծարում, ինչպես նաև որպես թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի խորհրդանիշ։ Սա հստակ ազդանշան է Մերձավոր Արևելքին և նրա հարակից երկրներին:

Իսկ հայերիս տեսանկյունից՝ այն ընկալվում է որպես 108 տարի առաջ Բաքվի հայ բնակչության զանգվածային սպանություններն իրականացնող բանակի մեծարում:

Անկարայում հուշարձանի բացման ժամանակ ունեցած ելույթում, Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է.  «…Այսօր ադրբեջանական դրոշն ազատորեն ծածանվում է «Շուշայում», «Խանքենդիում» և ամբողջ Ղարաբաղում: Այս հաղթանակը հպարտության մեծ աղբյուր է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Որպես Թուրքիա՝ մենք Հայրենական պատերազմի յուրաքանչյուր պահի մեր աջակցությամբ և բոլոր ռեսուրսներով կանգնած էինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին և միասին կիսեցինք այդ փառահեղ հաղթանակի ուրախությունը»։

Ինչպես տեսնում ենք, ավելի պարզ ակնարկել պանթյուրքիզմի արդիականության մասին՝ երևի հնարավոր չէ: Թուրքիան Արցախի գրավումն ուղղակիորեն համարում է ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն: Շատ շուտով, թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում կհամարեն նաև TRIPP նախագիծը և այլն:

Այս ամենն ակնհայտ է, որ միայն Հայաստանի «հագով չէ»: Ռեգիոնալ քաղաքականության հետևողականորեն թյուրքայնացումը տրամաբանորեն պետք է շատ երկրների շահերի բախվի:

Մի՞թե Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Հայաստանի, ընդհուպ՝ մինչև Չինաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ շահերի տեսանկյունից այս ամենն OK է:

Եթե այսօր արցախյան «հաղթանակն» է համարվում ամբողջ թյուրքական աշխարհի հպարտություն, ապա վաղն ավելի մեծ «հպարտությունների ու հաղթանակների» ձգտումներ կարող են ի հայտ գալ այդ աշխարհի մոտ:

Կա՞ արդյոք երաշխիք, որ օրինակ Հայաստանի Հանրապետության կլանումը, Իսրայելի պետության դեմ ագրեսիան, Իրանի Իսլամական Հանրապետության մասնատումը, Հունաստանի և Կիպրոսի դեմ տարածքային ոտնձգությունները, Ռուսաստանի Դաշնության քայքայումը և նմանատիպ այլ հիպոթետիկ իրավիճակներին նպաստելն ու դրանից օգտվելը՝ կրկին չի համարվի թյուրքական աշխարհի համատեղ ձեռքբերում…

Ինչո՞ւ եմ այսպես ձևակերպում մտավախություններս, որովհետև դեռևս հինգ-վեց տարի առաջ, աշխարհում ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Արցախն ամբողջովին կարող է հայաթափվել: Ոչ ոք չէր կարող հավատալ, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կարող են երկարատև պատերազմի մեջ մտնել և այլն…

Այսօր ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment