ԱՐՑԱԽԱՏՅԱՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՈՉ ԹԵ ՔՎԵ,
ԱՅԼ՝ ԽՍՏԱԳՈւՅՆ ՊԱՏԻԺ
- Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2020թ. հուլիսին, ընդունված և հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությամբ,
- 2021թ. հունիսի 20-ին ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների առիթով ընդունված և հրապարակված Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով,
- 2021թ. օգոստոսի 26-ին ընդունված և հրապարակված Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով
Նիկոլ Փաշինյանը Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ, մասնավորապես, գրավոր խոստացել է.
ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւԼԻՍԻՆ ԸՆԴՈւՆՎԱԾ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈւԹՅՈւՆԻՑ.
- «Հայաստանի հիմնարար ազգային շահերն են՝ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը.
- Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:
- Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին:
- Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման:
- Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է»:
ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐ 2021Թ. ՀՈւՆԻՍԻ 20-ԻՆ ՏԵՂԻ ՈւՆԵՑԱԾ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈւՍԱԿՑՈւԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՑ.
- «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը:
- Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։
- Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
- Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է:
- Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները»:
ՄԵՋԲԵՐՈւՄՆԵՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ.
- «Առաջիկա տարիներին Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա:
- Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
- Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացումը»:
Հարկ է նշել, որ համաձայն ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների…վրա»:
Չնայած նշված բոլոր փաստաթղթերով կամավոր կերպով ստանձնած հանձնառություններին, Նիկոլ Փաշինյանը, ստելով ու մոլորեցնելով հանրությանը, չի կատարել իր կամքով ժողովրդին տված իր խոստումներն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ: Ճիշտ հակառակը. նա, կոպտորեն խախտելով Արցախի վերաբերյալ Հայաստանի ներպետական իրավական ակտերը, Արցախի Հանրապետությունը ճանաչել է օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս:
2026թ. հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով գուցե երկրորդ, կամ երրորդ անգամ քվե կտա Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանին, գործելու է Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային և պետական շահերի դեմ:
Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու հայ ժողովրդի համար առաջանալիք աղետալի հետևանքների դեպքում ընդունելի չի լինելու «ի՞նչ իմանայի, որ Նիկոլը սենց կաներ» արդարացումը:
Հայոց Հայրենիքի անբաժանելի մասը հանդիսացող, հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախը թշնամուն տված Նիկոլ Փաշինյանը պետք է ստանա ոչ թե քվե, այլ՝ խստագույն պատիժ՝ ի դաս ապագա սերունդների:
Ով կքվեարկի արցախատյաց Նիկոլ Փաշինյանի օգտին, իր համախոհությունն է հայտնելու վերջինիս՝ համարելով, որ Արցախը հանդիսանում է Ադրբեջանի մաս:
Ով կքվեարկի Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերի համար էքզիստենցիալ կամ գոյութենական սպառնալիք հանդիսացող Նիկոլ Փաշինյանի օգտին, իր ձայնը դե ֆակտո տալու է մոլի հայատյացներ Ռեջեփ Էրդողանին և Իլհամ Ալիևին:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: