Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և հայկական «Eleveight AI» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթղթով կողմերը պաշտոնապես ազդարարում են արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համագործակցության մեկնարկը՝ նպատակ ունենալով զարգացնել բարձր արտադրողականությամբ հաշվողական ենթակառուցվածքները և հզորությունները։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է, որ պետությունը հետագայում «Eleveight AI» ընկերությունից կվարձակալի արհեստական բանականության բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ։ Այս գործընթացը հնարավորություն կտա ենթակառուցվածքների մի մասն ուղղել երկրի ներքին ռազմավարական կարիքների բավարարմանը, ինչպիսիք են «խելացի քաղաքների» նախագծերը, պետական կառավարման համակարգում ԱԲ լուծումների կիրառումն ու տեղական գիտահետազոտական նախաձեռնությունները։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարության հայեցակարգային մոտեցումն այն է, որ Հայաստանը պետք է սպառողից վերածվի տեխնոլոգիա ստեղծողի, մշակողի և արտահանողի՝ երկիրը դարձնելով «ԱԲ գործարանների պարտեզ»։
«Այս իմաստով մենք հիբրիդային կիրառման կողմնակից ենք: Ակնկալում ենք, որ Eleveight AI-ը ոչ միայն պետք է արտահանի հաշվողական ռեսուրսները, այլև առաջարկի ամպային ծառայություններ ներքին խաղացողների համար, որոնք ունեն այդ հաշվողական ռեսուրսների կարիքը»,- ընդգծեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։