«Սա վարչական ռեսուրսի չարաշահում ենք դիտարկում, հատկապես, որ դրանում ներառվում է նաև անչափահասների շրջանակը».Առավոտ (տեսանյութ)
«Այսօրվա դրությամբ ունենք շուրջ 283 արձանագրված ընտրախախտում, որոնցից թոփ ընտրախախտումներն ապօրինի քարոզչությունն է և վարչական ռեսուրսների շահագործումը, չարաշահումը, ատելության խոսքի և ճնշումների առկայությունը, որոնք փաստում են, որ ընտրարշավն այնպիսի ուղղվածությամբ չի գնում, ինչպես կցանկանայինք»,- «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ասաց «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ այլ դիտորդական կազմակերպությունների արձանագրած՝ վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ փաստերին, մասնավորապես Երևանի վարչական տարբեր շրջաններում թաղապետարանների եւ համատիրությունների աշխատակիցների կողմից ընտրողների տվյալների հավաքագրման և քարոզչության դեպքերի վերաբերյալ։ Նրանք շրջում են բնակարաններով և իրականացնում ընտրողների «գույքագրում», եւ զուգահեռաբար հարցնում քաղաքացիներին, թե որ քաղաքական ուժի օգտին են պատրաստվում քվեարկել առաջիկա ընտրություններում ։
«Մեր ահազանգերում ևս տեղ են գտել նմանատիպ խնդիրները որպես ընտրախախտումներ։ Դրան ավելացնեմ նաև դպրոցների, կրթական ամբողջ համակարգի, անգամ մշակութային տների աշխատակազմի չարաշահումը»,- ասաց «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավարը, ըստ որի՝ դա դրսեւորվում է տվյալ կուսակցությանը դիմավորելու, աջակցելու գործում։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ ինքն «ատում է վարչական ռեսուրսը». «Ես ատում եմ վարչական ռեսուրսը և դա ճշմարտություն է, որովհետև այդ թվում այնտեղ, որտեղ կա նմանատիպ երևույթ, դա ինձ հնարավորություն չի տալիս քաղաքացիների հետ ավելի անմիջական շփվել և զգալ նրանց էմոցիաները»։
Սա հիշեցնելուց հետո հետաքրքրվեցինք՝ գուցե մասնավորապես կրթական համակարգի ներկայացուցիչների մասնակցությունն իրոք ուղղորդվա՞ծ չէ, սեփակա՞ն նախաձեռնությամբ է, եւ Սոնյա Համբարձումյանը պատասխանեց. «Մենք դա չենք կարող, իհարկե, փաստել՝ անձնակա՞ն, թե՞ հրահրված, թե՞ պարտադրված գործողություն է։ Այնուամենայնիվ, սա վարչական ռեսուրսի չարաշահում ենք դիտարկում, հատկապես, որ դրանում ներառվում է նաև անչափահասների շրջանակը։ 12-ից 17 տարեկաններին ներառում են ոչ թե ընտրական գործընթացի պայմանները սովորեցնելու, իրավագիտակցությունը բարձրացնելու համար, այլ ընդգրկում են ցուցադրման և մշակութային մասի բավարարման համար, ինչը մենք քննադատվող երևույթ ենք համարում»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում