Մայրաքաղաքի սրտում՝ Մատենադարանին հարակից շուրջ 1,2 հեկտար տարածքում, կհիմնվի կենսաբազմազանության նոր այգի։ IDBank-ի հիմնադրման 35-ամյակին նվիրված հերթական նախագիծն իրականացվում է Մատենադարանի հետ համատեղ, որի շրջանակում կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և պայմանագիր։ Սա երկու հաստատությունների առաջին համատեղ նախաձեռնությունն է։ Այգու հիմնադրման գաղափարակիցն ու իրագործողը «Armenian Tree Project» հիմնադրամն է։ Ըստ նախագծի՝ այգին դառնալու է Մատենադարանի ցուցադրությունների օրգանական շարունակությունը, որտեղ տնկվելու են հայկական ձեռագրերում և մանրանկարներում հիշատակված բացառիկ բուսատեսակներ։
Նախքան հուշագրի ստորագրումը՝ հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին Մատենադարանում։ Համագործակցության մեկնարկը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ․ Մատենադարանի Պատվո կամարին, որտեղ զետեղված են հաստատության բարերարների անունները, ավելացվեց նաև IDBank-ի անունը։ Բանկին՝ ի դեմս վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի, հանձնվեց նաև «Բարերար Մատենադարանի» մեդալը։
Ընդգծելով համագործակցության կարևորությունը՝ IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշեց․ «Ինչպես գիտեք, Բանկն այս տարի նշում է իր գործունեության 35 տարին, և մենք հոբելյանի միջոցառումների շրջանակում մի քանի խոշոր ծրագիր ենք իրականացնում։ Մատենադարանի հետ համագործակցությունը այս առումով խիստ արժեքավոր ու կարևոր է մեզ համար։ IDBank-ի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը մշտապես եղել է սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից մեկը։ Ավելի անվտանգ, կանաչ ու մաքուր ապագա կերտելու ճանապարհին չափազանց կարևոր է միավորել բիզնեսի, մշակույթի, բնապահպանական ոլորտի և հանրային հատվածի ջանքերը։ Միայն համատեղ ռեսուրսներով ու նվիրումով է հնարավոր ստեղծել ավելի լավ միջավայր՝ մեր և մեր ապագա սերունդների համար»։
Կանաչ ու կայուն Հայաստան ունենալը IDBank-ի ռազմավարության անկյունաքարերից է, ինչի վկայությունն են Բանկի իրականացրած բնապահպանական ծրագրերը, այդ թվում՝ Մոսկովյան պուրակի բարեկարգումն ու «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Հիմնադրման 35-ամյակի շրջանակում Մատենադարանում հիմնվող կենսաբազմազանության այգին IDBank-ի հերթական կանաչ նախագիծն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ