Սյունիքի մարզի Շաքի գյուղում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով ծանր վիրավորում ստացած 39-ամյա Անի Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացրել է մանրամասներ իր տանը տեղի ունեցած դեպքից։ Երևանի հիվանդանոցներից մեկում բուժում ստացող կինը պատմել է, որ տուն հասնելուն պես տեսել է զինված տղամարդուն, ով ինքնաձիգը պահել էր իր երեխաների ուղղությամբ։ Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն արձակել է երեք կրակոց․ առաջինը վրիպել է, իսկ երկրորդի ժամանակ, երբ հարձակվողը փորձել է կրակել որդու վրա, Անին ձեռքով բռնել է ինքնաձիգի փողը, ինչի հետևանքով կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները ստացել են ծանր վնասվածքներ։
Ձեռքից վիրավորվելուց հետո մայրական բնազդով գործող կինը դանակով հարվածներ է հասցրել ներխուժած անձին՝ կանխելով իր և երեխաների հնարավոր սպանությունը։ Երրորդ կրակոցից Ավետիսյանը վիրավորվել է ոտքից։ Տուժածը նշել է, որ հարձակվողը մենամարտի ընթացքում որևէ ձայն չի հանել, և ինքն սկզբում չի էլ հասկացել, որ գործ ունի ադրբեջանցի զինվորի հետ։ Կինը, ում առջևում դեռ երեք վիրահատություն է սպասվում, իր դժգոհությունն է հայտնել իրավապահ մարմիններից, որոնք տեղի բնակիչներին նախապես չեն զգուշացրել Սյունիքում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի որոնումների մասին, չնայած ԱԱԾ-ն Բաքվից համապատասխան ահազանգը ստացել էր դեռևս սեպտեմբերի 29-ին։