Նիկոլին աղջիկ կտայի՞ր, ասում է՝ չէ, բա որ չէ, այս պետությունը ո՞նց ես տվել. Դավիթ Անանյանը՝ քաղաքացուն

«Կապանցիները դառը կյանքով ապրած են, պատերազմ տեսած մարդ ենք, մի քանի տարի ապաստարաններից  ու սահմաններից տուն չէինք գալիս: Մեզ խաղաղություն է պետք»,- այսօր Կապանում «Միասնական թեւեր» կուսակցության անդամների հետ  հանդիպման ժամանակ  կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Արման Թաթոյանին ասաց Կապանի մի բնակիչ:

Թաթոյանն էլ ասաց, որ Հայաստանում չկա այդպիսի մի հարց, որ ամբողջ հայությամբ չկարողանանք լուծել. «Մեր կարգախոսներից է սխալներ, ուղղում, վերածնունդ: Ամեն ինչ լավ է լինելու, վախերին պետք չէ տուրք տալ»:

Մի քաղաքացի էլ առաջարկեց Թաթոյանին, որ հենց ընտրվի վարչապետ, անպայման լուծի դատական համակարգի խնդիրները, հաստատի արդարադատություն ու օրենքով պաշտոնից հեռացվեն ու որակազրկվեն այն դատավորները, որոնք արդարադատություն չեն իրականացրել:

Թաթոյանն էլ հաստատեց՝ չպետք է լինեն դատավորներ, որոնք իշխանության հովանավորության տակ են, դատավորն ու դատախազը պետք է պաշտպանված լինեն. «Իմ վարչապետության ժամանակ երբեք չի լինելու, որ միջամտես դատական գործերին… Այսօր ի՞նչ ունենք՝ դատավորներ, որոնք իշխանության ասածներն են անում, այդքան կալանքները հենց իշխանության սիրած դատավորներն են անում: Նախկինում որ կար հովանավորությունը առանձին դատավորների նկատմամբ,  այդ նույն ձեւ հիմա շարունակվում է: Այս հարցում դրական փոփոխություն  չունենք, ավելի վատ է: Այդպիսի  երեւույթ կա՝ մացոյականություն է կոչվում, եղել է  այն ժամանակ, հիմա կա նեոմացոյականություն, որը ավելի նոր ու վատ ձեւով է իշխանություններին ծառայում, ավելի սրտանց է  խախտումները անում, որ նախորդի համար պատասխանատվության չենթարկվի» :

«Միասնության թեւերի» պատգամավորի թեկնածու, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն էլ շարունակեց Թաթոյանին. «Մի մեծ եղբայր ունեմ, հարցնում է՝ դու Նիկոլին աղջիկ կտայի՞ր, հիմա Նիկոլն եկել է ձեր տուն՝ աղջկադ ձեռքն է  խնդրում, կտայի՞ր, ասում է ՝ չէ, արա բա որ չէ, այս պետությունը ո՞նց ես տվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment