Առաջընթաց և համաձայնություն գերիների փոխանակման շուրջ. ավարտվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ բանակցությունների հերթական փուլը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները, իսկ հաջորդ հանդիպումների ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Կողմերը համաձայնության են եկել փոխանակել 314 ռազմագերիների։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը։

Նա  բանակցությունները գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև զգալի առաջընթաց են արձանագրել։ Նրա խոսքով՝ «մանրամասն և արդյունավետ խաղաղ բանակցությունների շնորհիվ» կողմերին հաջողվել է հասնել գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածության։

Դեսպանորդը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները մտադիր են շարունակել խորհրդակցությունները հակամարտության կարգավորման շուրջ, իսկ առաջիկա շաբաթներին հնարավոր է արձանագրվի նոր առաջընթաց։

Բանակցությունների ընթացքում քննարկվում են տնտեսական ասպեկտները, տարածքային հարցերը, ինչպես նաև հրադադարի հնարավոր մեխանիզմները։

Աբու Դաբիի արևմտյան աղբյուրը ТАСС-ին հայտնել է, որ Մոսկվան Դոնբասի ճանաչումը դիտարկում է որպես ավելի լայն համաձայնագրի բաղադրիչ։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կարող են ենթադրել ոչ թե խաղաղապահ ուժերի տեղակայում, այլ բազմազգ արագ արձագանքման ուժերի ձևավորում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների երկրորդ փուլից հետո հնարավոր է հրապարակվի ընդունող երկրի՝ ԱՄԷ-ի հաղորդագրությունը՝ առանց համատեղ փաստաթղթի ընդունման։ Նշվում է նաև, որ Աբու Դաբիում բանակցությունների մթնոլորտը առավել գործնական է եղել՝ նախորդ հանդիպումների համեմատ։

Ըստ արևմտյան աղբյուրի՝ եվրոպական երկրների ներկայացուցիչները մի քանի անգամ փորձել են միանալ խորհրդակցություններին, սակայն փետրվարի 5-ին բանակցությունների սեղանի շուրջ չեն եղել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23–24-ը Աբու Դաբիում։

Leave a comment