ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը Հայ Եկեղեցու, մասնավորաբար Մասյացոտնի թեմի ներքին կյանքին սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը։
Վաղը՝ սույն թվականի փետրվարի 6-ին, կայանալու է Մասյացոտնի թեմի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դատական նիստը։ Այս առնչությամբ հարկ ենք համարում լրատվամիջոցների և հանրության ուշադրությունը հրավիրել պետական և դատականմարմինների կողմից իրականացվող բացահայտ հակասահմանադրական գործողություններին։
• Աշխարհիկ անձի անօրինական հավակնությունները
Նախկին Գևորգ եպիսկոպոսը (Արման Սարոյանը) կարգալույծ է հռչակված և հանդիսանում է աշխարհիկ անձ։ Համաձայն Հայ Եկեղեցու կանոնների և նվիրապետական կարգի՝ որևէ աշխարհիկ անձ չի կարող ստանձնել թեմի առաջնորդի լիազորություններ։ Պետական մարմինները, ի դեմս դատարանների և Հարկադիր կատարման ծառայության, շրջանցելով Սահմանադրությունը և միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, փաստացի փորձում են աշխարհիկ անձին «նշանակել» թեմի առաջնորդ՝ չունենալով նրա հոգևորականի կոչումը վերականգնելու որևէ իրավասություն կամ իրավական հնարավորություն։ Սա միջամտություն է Եկեղեցու ներքին ինքնավարությանը, ինչը ոտնահարում է Սահմանադրությամբ, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված Եկեղեցի-Պետություն հարաբերությունների սկզբունքները։
• Դատական և վարչական կամայականություններ
Դատարանը, գերազանցելով իր լիազորությունները, կայացրել է որոշում, որով Հարկադիր ծառայությունը բանկերին պարտադրել է Մայր Աթոռին պատկանող և Մասյացոտնի թեմի համար նախատեսված ֆինանսական միջոցների տնօրինումը հանձնել Եկեղեցու նվիրապետությունից դուրս գտնվող աշխարհիկ անձի։ Այս ապօրինի գործողության հետևանքով խաթարվել է թեմի բնականոն գործունեությունը, խախտվել են թեմի առաջնորդական տեղապահի, քահանայից դասի և հավատավոր ժողովրդի խղճի ազատության և հավատքն անարգել իրացնելու իրավունքները։ Նույն տրամաբանությամբ պետական մարմինները վաղը կարող են ոչ միայն փաստացի, այլև արդեն իրավական ու դատական ակտերով պահանջել, որ քահանաները լքեն իրենց ծառայության վայրերը՝ հանուն մի աշխարհիկ անձի կամայականությունների։
• Ճնշումներ հոգևորականների և նրանց ընտանիքների նկատմամբ
Ակնհայտ է, որ այս ամենն իրականացվում է երկրի բարձրագույն իշխանության անմիջական հովանավորությամբ։ Դատարանի անօրինական որոշումից ոգևորված՝ տարածքային կառավարման և ՏԻՄ ներկայացուցիչները (Արարատի մարզպետը, Արտաշատի և Վեդու համայնքապետերը) տևական ժամանակ է, ինչ ակնհայտ գերազանցելով իրենց լիազորությունները, ծառայում են կարգալույծ անձի շահերին՝ հոգեբանական և վարչական ճնշումներ գործադրելով քահանաների նկատմամբ։
Դատարանի միջանկյալ որոշման միակ նպատակն էր հենց համայնքապետերի, ուժայինների միջոցով վախի մթնոլորտ ստեղծել և հոգևորականներին հավաքագրել այսպես կոչված «բարենորոգության» շարժմանը։
• Սպառնալիք Եկեղեցու սեփականությանը
Մասյացոտնի թեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր տարածքն է։ Թեմի առաջնորդը նշանակվում է բացառապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, իսկ ֆինանսական միջոցները, գույքը պատկանում են Սուրբ Էջմիածնին։ Ուստի, դատարանի ցանկացած որոշում, որը փորձում է տնօրինել Եկեղեցու գույքն ու միջոցները՝ շրջանցելով եկեղեցական իշխանությանը, ուղղակի սպառնալիք է Եկեղեցու սեփականության իրավունքին, ինչի արդյունքում Եկեղեցին զրկվում է հավատացյալներին հավուր պատշաճի հոգևոր սպասարկում մատուցելու հնարավորությունից։
—00—ՄԱ