Կոդային անունը՝ «Զանավես»․ կեղծիքի տարածման բազմավեկտոր մեխանիզմ ընտրություններին ընդառաջ

«Զանավես» անունով գաղտնի ծրագիր, Meta-ի թաքցված քաղաքական գովազդներ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի լոգոյով  AI-տեսանյութեր և արդեն ծանոթ ապատեղեկատվական էջեր․ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ համացանցում  տարածվում է նոր դավադրապաշտական սցենար։ Factor TV-ն ուսումնասիրել  է, թե որտեղից է սկսվել այս պատմությունը, ինչպես է այն բազմապատկվել տարբեր հարթակներում և ինչու դրա առանցքային պնդումները չեն համապատասխանում ընտրական գործընթացի իրական մեխանիզմներին։ 

Մայիսի 25-ից Facebook-ում գովազդի միջոցով տարածվում է հոդվածի հղում, որի գրառման մեջ պնդում է արվում․ «Հաջորդ կիրակի կերևա՝ արդյոք նրանց (Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին – խմբ․) հաջողվել է ծրագրային ապահովման միջոցով փոխել արդյունքը»։

Լուսանկարը՝ Հայաստան Ակտուալի ֆեյսբուքյան էջից 

Հղումը տանում է Haymitq.am կայք, որտեղ մայիսի 21-ին հրապարակվել է «Վարչապետ Փաշինյանի գաղտնի ծրագրային ապահովումը սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը» վերնագրով հոդվածը։ Այն Ֆեյսբուքում գովազդային արշավով շրջանառվում է թե՛ հրապարակումների, թե՛ սթորիի ձևաչափով։

Լուսանկարը՝ Հայ միտք կայքէջից 

Հոդվածում պնդում է արվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունը  եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստեղծել են «Զանավես» կոդային անվանումով գաղտնի համակարգչային ծրագիր, որը կարող է վերահսկել քվեարկությունը հենց քվեախցիկներում, հետևել ընտրողների քվեարկությանը և իրական ժամանակում  խմբագրել՝ վերաշարադրել  ընտրողների քվեարկության արդյունքները։

Այս հոդվածի պնդումները տարածվել են ոչ միայն ֆեյսբուքյան գովազդով, այլև արդեն զգալի տարածում են ստացել X-ում։ Ավելին, տարածվող տեսանյութեր ընդլայնել են կեղծ պնդումների շրջանակը  և նշում են, թե այս տեղեկությունները հաղորդել է ԿԸՀ ՏՏ վարչության ղեկավարը։

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ խնդրելով մեկնաբանել Haymitq.am-ում և սոցիալական ցանցերում տարածվող պնդումները «Զանավես» անվանումով ծրագրի մասին։

«Ներկայացված նյութն իր ամբողջ բովանդակությամբ անհեթեթություն է, հետևապես դրա մեկնաբանումն էլ ավելի անհեթեթ է։ Նման ապատեղեկատվություն տարածողների նպատակը հանրության շրջանում խուճապ տարածելն է», – նշել  է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ի պատասխան մեր հարցման։

Factor TV-ի ստուգումը ցույց է տալիս, որ այս պնդումները չեն հաստատվում որևէ վստահելի աղբյուրով, իսկ ընտրատեղամասերում անցկացվող քվեարկության կարգն ուղղակի արգելում է քվեախցիկից ներս տեսախցիկով կամ որևէ տեխնիկական միջոցով վերահսկողությունը։

Հոդվածում և տեսանյութում կան նաև այլ փաստական սխալներ, որոնց անդրադառնում ենք ստորև։

Ինչ է ասվում հոդվածում

Հոդվածի առանցքային պնդումն այն է, թե ընտրություններից վեց ամիս առաջ ստեղծվել է «Զանավես» կոդային անվանումով ծրագիր, որը իշխող կուսակցությանը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել քվեախցիկներում ընտրողների քվեարկությանը, , հաշվարկել կուսակցությունների տոկոսային ցուցանիշները և անհրաժեշտության դեպքում խմբագրել տվյալները։

Սակայն այստեղ մեթոդական սխալ կա, քանի որ Հայաստանում քվեարկության կազմակերպական ձևն այնպիսին է, որ քանի դեռ ընտրողն իր քվեով ծրարը չի գցել քվեատուփ և քանի դեռ այդ քվեն չի հաշվվել քվեարկության օրվա ավարտին, դրա տվյալը որևէ տեղ չի կարող արձանագրվել, հետևաբար միջամտություն էլ չի կարող լինել։

Այսինքն՝ ընտրողի քվեն քվեախցիկում չի գրանցվում և չի պահպանվում որևէ էլեկտրոնային համակարգում, որպեսզի ծրագիրը կարողանա այն տեսնել կամ խմբագրել։

Ինչ վերաբերում է տեսախցիկների հնարավոր տեղադրմանը կամ գաղտնի տեսագրմանը, ապա դա նույնպես արգելված է։ Factor TV-ն այս թեմային ծավալուն անդրադարձել է նախորդ հոդվածներից մեկում։

Ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում առկա մյուս տեխնիկական սարքավորումներում ներբեռնված են միայն այնպիսի տեղեկություններ, որոնցով հնարավոր է նույնականացնել անձին՝ նրան քվեարկելու հնարավորություն տալու համար։ Դրանք են․

  • Ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը,
  • Այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում ընդգրկված է ընտրողը,
  • Ընտրողի հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում,
  • Ընտրողի ծննդյան ամսաթիվը,
  • Ընտրողի հաշվառման վայրի հասցեն, Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում՝ քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն․
  • Ընտրողի նույնականացման քարտի, կենսաչափական անձնագրի և ոչ կենսաչափական անձնագրի համարը (եթե ընտրողն ունի անձը հաստատող համապատասխան փաստաթղթեր),
  • Տվյալ տարածքի ընտրողների համար՝ նաև թվային շտեմարանում առկա լուսանկարը (եթե ընտրողը ստացել է նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր, կամ ոչ կենսաչափական անձնագիրը ստացել է 2008 թվականի հունվարի 1-ից հետո)։

Այս սարքերը փաստացի ընտրողի հետ կապը պահում են մինչև նրա՝ քվեախցիկ մտնելը։ Դրանից հետո որևէ տեխնիկական սարք չի ուղեկցում ընտրողին։

Քվեարկության ավարտից հետո ձայների հաշվարկը կատարվում է հենց տեղամասում՝ ընտրական հանձնաժողովի անդամների, վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների և օրենքով ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ անձանց ներկայությամբ։ Արդյունքները ամրագրվում են թղթային արձանագրություններով։

Շրջանառվող կեղծ պնդումներում ակնարկում են նաև էլեկտրոնային քվեարկությունը, ինչը, փաստացի, որևէ կապ չունի իրական էլեկտրոնային քվեարկության ընթացակարգի հետ։

ՀՀ ընտրական օրենսգիրքը իրոք նախատեսում է նաև էլեկտրոնային քվեարկություն, սակայն այն վերաբերում է քաղաքացիների սահմանափակ խմբի՝ արտերկրում գտնվող դիվանագիտական ծառայողներին, նրանց ընտանիքների՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներին, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողներին և նրանց ընտանիքների ընտրող անդամներին։

2026 թ․ ընտրությունների դեպքում էլեկտրոնային եղանակով քվեարկությունը նախատեսված է մայիսի 29-ին, և դրան մասնակցելու իրավունք ունի 537 ընտրող։

Մինչդեռ Haymitq.am-ի հոդվածը սկսվում է ձևակերպմամբ՝ «Երկու շաբաթ անց Հայաստանի քաղաքացիները կգնան ընտրատեղամասեր», այսինքն՝ խոսքը վերաբերում է հունիսի 7-ին տեղամասերում կայանալիք քվեարկությանը, ոչ թե սահմանափակ էլեկտրոնային քվեարկությանը։

Ինչ աղբյուր է Haymitq.am-ը

Haymitq.am կայքը, ըստ Who.is-ի տվյալների, ստեղծվել է 2025 թ․ դեկտեմբերի 17-ին։ Կայքում հրապարակված չեն դրա խմբագրակազմի կամ իրավաբանական տվյալները և կապի միջոցները։

Ընդհանուր առմամբ, այն շատ նման է հապճեպ ստեղծված կայքի, որը չի ունենալու երկար կյանք։ Հատկանշական է, որ կայքում տեղադրված է նույնիսկ Google+ ցանցի հղում, մինչդեռ այդ ցանցն իր գոյությունը դադարել է դեռ 2019-ին։

Կայքում հոդվածների հեղինակ է նշվում Համո Մնացականյանը, սակայն այդ անձի մասին որևէ լրացուցիչ տվյալ, կենսագրություն կամ խմբագրական պատասխանատվության նշում չկա։ Կայքի նյութերում կան ոճային, շարահյուսական և քերականական բազմաթիվ սխալներ։

Ինչպես են պնդումները գովազդվել Ֆեյսբուքում

Հոդվածը Facebook-ում տարածել է «Հայաստան Ակտուալ» էջը։ Այն  ներկայանում է որպես հղիների և կերակրող մայրերի հագուստի խանութ, սակայն հիմնականում տարածում է Haymitq.am-ի և կասկածելի բովանդակությամբ այլ կայքերի հոդվածներ։ Էջը ստեղծվել է 2025 թ․ ապրիլին և ստեղծման օրվանից երեք անգամ փոխել է անվանումը։

Meta-ի գովազդների գրադարանի տվյալներով՝ «Սոցիալական խնդիրների, ընտրությունների կամ քաղաքականության» գովազդների համար էջը 2026 թ․ փետրվարի 23-ից մայիսի 23-ը ծախսել է 95 դոլար և այս կատեգորիայում ունի միայն մեկ գովազդ։ Այդ գովազդը գործել է մայիսի 15-ից, հավաքել 50-ից 60 հազար դիտում։ 

Բովանդակությունը հղում է անում Yerevantimes.am կայքէջին, որի հրապարակման մեջ ասվում է, թե մայիսի 5-ին Գյումրիում միջոցառման ժամանակ Փաշինյանը շոշափել է Ֆրանսիայի նախագահի աճուկային հատվածը։ Այս գովազդը Մետայի կողմից հեռացվել է, և որպես հեռացման պատճառ նշվում է որ օգտատերը խախտել է Meta-ի կանոնները և չի նշել, թե ով է վճարողը, ինչը այս կատեգորիայի դեպքում պարտադիր է։

Արդեն մայիսի 25-ին տարածված հաջորդ գովազդը, չնայած որ իր բնույթով համապատասխանում է «Սոցիալական խնդիրների, ընտրությունների կամ քաղաքականության» կատեգորիային, չի ներկայացվել որպես այս կատեգորիայի ներքո գովազդվող հրապարակում։

Այս կատեգորիային համապատասխանող բովանդակության դեպքում Meta-ում պարտադիր է թափանցիկությունը, և դրանից խուսափելու համար այս օգտատերը իր գովազդը ներառել է մեկ այլ կատեգորիայում, որը հնարավորություն է ստեղծում չնշել, թե ով է վճարել գովազդի համար։

Ինչպես են պնդումները տարածվել X-ում

Մայիսի 22-ից X-ում մի շարք էջեր Haymitq.am-ի հոդվածի հիման վրա տարածել են արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր։

 Թեև մեկնաբանություններում որպես աղբյուր նշվել է Haymitq.am-ը, տեսանյութերում վստահություն ներշնչելու համար օգտագործվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նկարը և լոգոն։

Տեսանյութ տարածողներից մեկը եղել է Էթան Լևինս անունով օգտատերը, որը ներկայանում է որպես ամերիկացի լրագրող, ունի ավելի քան 148 հազար հետևորդ և պարբերաբար կեղծիքներ է տարածում Հայաստանում ընտրությունների վերաբերյալ։

Factor TV-ն նախկինում ևս անդրադարձել է Էթան Լևինսի և նման էջերի կողմից կեղծ տեսանյութերին և անհիմն պնդումներին։ Դրանք հաճախ օգտագործում են ոչ վստահելի սկզբնաղբյուրներ և արհեստական բանականությամբ պատրաստված տեսանյութեր։

Նախորդ անգամ Լևինսը և այլ էջեր տարածել էին Հայաստանի սահմանամերձ տարածքներն Ադրբեջանին հանձնելու և այնտեղ 600 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու կեղծ պնդումը, որի սկզբնաղբյուրը թուրք լրագրող Օքայ Դեփրեմի հոդվածն էր։ Factor TV-ն մատնանշել էր պնդումներում առկա կեղծիքները։

Այսպիսով, Haymitq.am-ի հրապարակման մեջ ներկայացված պնդումը, թե «Զանավես» գաղտնի ծրագիրը կարող է հունիսի 7-ին վերահսկել ընտրողների քվեն և ծրագրային եղանակով փոխել ընտրության արդյունքը, փաստերով չի հաստատվում։

Պնդումը տարածվել է ոչ թափանցիկ գովազդային մեխանիզմով, սկզբնաղբյուրը չունի խմբագրական թափանցիկություն, իսկ բուն պնդումը հակասում է Հայաստանի ընտրական գործընթացի տեխնիկական կառուցվածքին։

Այս հրապարակման և դրա հիման վրա ստեղծված տեսանյութի տարածման մեխանիզմը շատ նման է կեղծ տեղեկությունների տարածման հիբրիդային մեխանիզմներին։ Այստեղ նույնիսկ կրկնվում են դրանով զբաղվող օգտատերերը, ինչը ցուցիչ է, որ կեղծ պնդումները տարածվում են միտումնավոր և նպատակ ունեն դավադրապաշտական թեզեր տարածել հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ։

Մարիա Խաչատրյան

Leave a comment