«Ժողովուրդ, մեզ քաշելու են, մեզ երաշխիք է պետք, հետո չասեն՝ նավը չի գալիս, ինքնաթիռը չի գալիս, մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին»

«Մենք համարում ենք, որ ԹՐԻՓՓ նախագիծը, այսինքն՝ ԱՄՆ ներգրավվածությունն առաջացնում է հավելյալ զսպաշապիկ Ադրբեջանի համար։ Մենք մտահոգված ենք, որ չկա ուղիղ երաշխիք, կա տնտեսական ներկայություն, բայց չկան երաշխիքներ։ Բայց տեսնում ենք, որ Իրանի սահմանից 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր։ Սրանք այն խնդիրներն են, որոնց վրա պետք է շեշտ դնենք»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա հավելեց․ «Ինչո՞ւ ենք մենք ասում, որ ԹՐԻՓՓ-ը ճանապարհ է, որովհետեւ վաղը իշխանությունների փոփոխության ժամանակ, երբ մենք ստիպված կլինենք բանակցել դիմացի կողմի հետ, օրինակ, Ադրբեջանի ղեկավարության, Հայաստանի համար ձեռնտու չէ, որ բացի ճանապարհից, այլ խոսույթ օգտագործվի։ Ես ասում եմ՝ դա ճանապարհ է, որպեսզի վաղն իրենց բանակցելու ժամանակ ինձ չասեին՝ բա ասում եք՝ միջանցք է»։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ մենք անգամ որեւէ ճանապարհ չտայինք Ադրբեջանին, բայց մի քանի ռազմավարական դիվանագիտական պարտություններ են մեզ հասցրել այս հանգրվանին։

«Իմանալով մեր հարեւաններին, նրանք արդարամիտ մարդիկ չեն, նրանք ժողովրդավար չեն, մենք զգուշացնում ենք մեր հանրությանը՝ ժողովուրդ, քաշելու են մեզ, մեզ երաշխիք է պետք, հետո չասեն՝ նավը չի գալիս, ինքնաթիռը չի գալիս, Իրանն է ուրիշ ձեւ։ Այդ իսկ պատճառով մենք այսօր տեսնում ենք հնարավորություն՝ ունենալու երաշխիքային ավելի լայն բազա։ Մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին, ես չեմ կարող իրեն վստահել, մի համոզեք մեր ժողովրդին, որ մենք վստահենք իրեն, մեզ երաշխիքներ են պետք»,- հայտարարեց Նարեկ Կարապետյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment