ԱՄՆ-ը վիզա չի տրամադրել ՌԴ ԱԳ փոխնախարարին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի ԱԽ նիստին

Քաղաքականություն

27.05.2026 | 11:22

ԱՄՆ-ը մերժել է վիզա տրամադրել Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Ալիմովին, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկումներին։ Այս մասին հայտնել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է Meduza-ն։

Նա պարզաբանել է, որ ռուսական պատվիրակությանը հրավիրել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, որը մայիսի 1-ից նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը վիզայի մերժումը դիտարկում է «ոչ միայն որպես Վաշինգտոնի կողմից իր պարտավորությունների խախտում», այլև որպես «Չինաստանի նախագահության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք»։

Նշվում է, որ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետից ի վեր Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական ​​հարաբերությունները զգալիորեն ջերմացել են նախորդ չորս տարիների համեմատ։ Թրամփի հատուկ բանագնացները բազմիցս այցելել են Մոսկվա, Միացյալ Նահանգները ժամանակավորապես վերացրել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի  ղեկավար Կիրիլ Դմիտրիևի նկատմամբ պատժամիջոցները, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշանակել է իր հատուկ ներկայացուցիչ, որպեսզի Պետքարտուղարությունը կարողանա նրան մուտքի վիզա տրամադրել։

Արդյունքում Դմիտրիևը մի քանի անգամ մեկնել է Միացյալ Նահանգներ և հանդիպել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հետ։ Սակայն ռուսական պատվիրակությունների պաշտոնական ներկայացուցիչներին պարբերաբար մերժում են վիզաներ տրամադրել։

Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ սա Ալիմովի հետ կապված առաջին դեպքը չէ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment