Մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավորվել՝ ահազանգում է Ազգային կրթության խորհուրդը. «Ժողովուրդ»

Ազգային կրթության խորհուրդը վերջին ամիսներին պարբերաբար ահազանգում է, որ Հայաստանի մի շարք փոքր դպրոցներ կարող են փակվել կամ միավորվել՝ հղում անելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանին:

Ազգային կրթության խորհրդի պնդմամբ՝ խոսքը վերաբերում է 229-231 դպրոցների, որոնց գործունեությունը կարող է դադարեցվել կամ որոնք կարող են միավորվել այլ կրթական հաստատությունների հետ։ Ըստ խորհրդի հրապարակումների՝ դրա հետևանքով շուրջ 7880 աշակերտ կարող է զրկվել սեփական համայնքում կրթություն ստանալու հնարավորությունից, շուրջ 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող՝ աշխատանքից, իսկ ցանկում ընդգրկված դպրոցներից 55-ը սահմանամերձ բնակավայրերում են, որոնցից 27-ը՝ Սյունիքի մարզում։

Փորձեցինք հասկանալ՝ արդյոք իրավիճակում որևէ փոփոխություն եղե՞լ է։

Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ «ներկայում դպրոցների միավորման վերաբերյալ կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում, և սեպտեմբերից որևէ դպրոց փակելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը»։ Միաժամանակ նախարարությունից ընդգծել են, որ «երեխաների համար կառուցվում են նոր դպրոցներ ու կրթահամալիրներ»։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է կրթության փորձագետ, Ազգային կրթության խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանի հետ։ Վերջինս նշում է, որ ԿԳՄՍ նախարարության որոշման մեջ «դպրոց փակելու» կամ «լուծարելու» ձևակերպումներ չկան, սակայն ծրագիրը ներկայացվում է որպես «կրթության հասանելիության ապահովման» նախաձեռնություն, որի շրջանակում փոքր գյուղերի աշակերտներին նախատեսվում է տեղափոխել հարևան բնակավայրերի դպրոցներ։

Մխիթարյանի խոսքով՝ այստեղ առաջանում են մի շարք խնդիրներ՝ սկսած երեխաների տեղափոխման կազմակերպումից մինչև ուսուցիչների աշխատանքի կրճատումները։ Նա նշում է, որ հաճախ գյուղերի միջև հեռավորությունը հասնում է 10-12 կիլոմետրի, մինչդեռ պարզ չէ՝ ով է հոգալու երեխաների տեղափոխման ծախսերը և ինչպես է կազմակերպվելու տարբեր տարիքային խմբերի աշակերտների առօրյան։ «Եթե առաջին դասարանցին ավարտում է դասերը երեք-չորս ժամ հետո, իսկ ավագ դասարանցին՝ յոթ-ութ ժամ հետո, այդ երեխան այդ ընթացքում ի՞նչ պետք է անի»,- ասում է նա։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում ուսուցիչների խնդրին՝ նշելով, որ երկու դպրոցների միավորման դեպքում նույն առարկան դասավանդող ուսուցիչներից մեկը, ամենայն հավանականությամբ, կկորցնի աշխատանքը։ Նրա կարծիքով՝ նման քաղաքականությունը կարող է արագացնել գյուղերի դատարկումը, հատկապես սահմանամերձ բնակավայրերում։

Մխիթարյանը հիշեցնում է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ «ոչ թե դպրոցներ են փակվում, այլ ավերակներ»։ Սակայն, նրա խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ցանկում ընդգրկված դպրոցների զգալի մասը գտնվում է լավ պայմաններում և նորոգված է։ «Կրթության որակը շենքով չի որոշվում։ Լավ կրթությունը ապահովում է լավ ուսուցիչը, ոչ թե միայն նոր պատերը»,- ասում է նա։

Թեմայի շուրջ ArmLur.am-ը կապ է հաստատել նաև այն դպրոցների ղեկավարների հետ, որոնք ընդգրկված են ցանկում։

Տնօրեններից շատերը վստահ են՝ գյուղի դպրոցը փակելը նշանակում է հերթական հարվածը գյուղի գոյությանը։

Leave a comment