Վերլուծաբան․ Ռազմական շքերթները միշտ քարոզչական բնույթ ունեն. նախընտրական փուլում ուղղված է ներքին լսարանին

Վերջին ռազմատեխնիկայի շքերթը, կարելի է ասել, տեղի է ունեցել 2016 թվականին, այն ժամանակ էլ, հիմա էլ քաղաքական, ներքաղաքական գործոններով էին դրանք արվում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովը։

Ըստ նրա՝ այն ժամանակ էլ ապրիլյան պատերազմից հետո նպատակ կար ցույց տալու, որ Հայաստանն ուժեղ է, «Իսկանդեր» ունի.

«Հիմա էլ ներքաղաքական պատճառներ կան, մասնավորապես, խորհրդարանական ընտրությունները։ Օրինակ, սպառազինության հետ կապված նախկինում դիրքորոշում կար, որ ձեռքբերման մասով տեղեկատվություն չի տրամադրվի, թե ինչ է գնվում, սակայն հետո մոտեցումը փոխվեց, հիմա այն ուղղությամբ են գնում, որ բացահայտվի։ Ակնհայտ է, որ դա պայմանավորված է նախընտրական գործոններով։ Իրենց այն պատճառաբանությունները, թե դրանով հաշվետվություն են ներկայացնում քաղաքացիներին, իր տրամաբանությունն ունի, սակայն ժամանակային առումով մենք տեսնում ենք, որ դա պայմանավորված է ընտրություններով»։

Հարությունովի համոզմամբ՝ շքերթի կազմակերպման նպատակն իշխանությունների վերարտադրմանն օգնելն է. «Չգիտեմ, թե 28-ին ինչ են ցուցադրելու, այդ ոլորտն այնպիսին է, որ հնարավոր է մեզ ինչ-որ բաներ չցուցադրեն։ Ցանկացած ռազմական շքերթ քարոզչական բնույթ է կրում, այստեղ ռազմական կամ ռազմաուսումնական միջոցառում չէ, այն միշտ քարոզչական բնույթ է կրում։ Ուղղակի կարող է այն ուղղված լինել ներքին լսարանին՝ ինչպես մեր դեպքում, կարող է նաև ուղղված լինել արտաքին լսարանին՝ ցույց տալու ռազմական հզորությունը։ Մայիսի 28-ի միջոցառումն էլ այդ քարոզչական տրամաբանության մեջ պետք է լինի»։

Leave a comment