Բեռլինը Կիեւին կտրամադրի 300 միլիոն դոլար՝ «Patriot»-ի հրթիռների ձեռքբերման համար․ այլ մանրամասներ

Գերմանիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթի համար՝ PURL նախաձեռնության շրջանակներում, որը նպաստում է ամերիկյան արտադրության սպառազինության ձեռքբերմանը։

Ֆինանսավորումն ուղղված կլինի առաջնահերթորեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կարողությունների ամրապնդմանը։

Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից առաջ։

Նախարարի խոսքով՝ Գերմանիան, Նորվեգիայի հետ համատեղ, միանում է ամերիկյան սպառազինության ձեռքբերման նոր նախաձեռնությանը։ Սա PURL-ի շրջանակներում արդեն հինգերորդ փաթեթն է, որին մասնակցում է Բեռլինը՝ հատկացնելով 300 միլիոն դոլար։

Այս օգնության հիմնական մասը նախատեսված է «Patriot» ՀՕՊ համակարգերի համար PAC-2 և PAC-3 կառավարվող հրթիռների ձեռքբերմանը։ Այս զինամթերքը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար՝ ռուսական օդային հարձակումներին, հատկապես բալիստիկ հրթիռների կիրառմամբ իրականացվող հարձակումներին հակազդելու գործում։

Բեռլինը նաև կշարունակի Ուկրաինային մատակարարել IRIS-T ՀՕՊ համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ։

Բացի այդ, Գերմանիան աշխատում է IRIS-T հրթիռները նորվեգական NASAMS ՀՕՊ համակարգերի մեջ ինտեգրելու ուղղությամբ. այս քայլը նպատակ ունի ընդլայնել առկա հակաօդային պաշտպանության միջոցների գործառնական հնարավորությունները։

Նախատեսված օգնության փաթեթը ներառում է նաև.

օդային տարածքի հսկողության համար նախատեսված նոր ռադարային կայաններ,

զինամթերք Ուկրաինայի F-16 կործանիչների համար,

սպառազինություն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար։

Պիստորիուսն ընդգծել է, որ Ուկրաինան հրատապ կարիք ունի ամրապնդելու իր հակաօդային պաշտպանությունը՝ հաշվի առնելով ձմեռային սեզոնին ընդառաջ էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակումները։

Leave a comment