Հետաքննության մեկ այլ հատված վերաբերում է ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։ Deutsche Bank-ի ներքին փաստաթղթերի համաձայն՝ մինչև 2020 թվականը Թրամփին պատկանող ընկերությունները ներգրավված են եղել ավելի քան 3 միլիոն դոլարի կասկածելի գործարքներում։ Միևնույն ժամանակ, 2019 թվականին բանկը պնդում էր, որ իրեն ոչինչ հայտնի չէ Թրամփի՝ Ռուսաստանի հետ կապերի մասին։ Ինքը՝ նախագահը, հետաքննության շրջանակում լրագրողների հարցերին չի պատասխանել։ Սպիտակ տունը հարցերն ուղղել է Թրամփի վարչակազմին, սակայն այնտեղ նույնպես արձագանք չի եղել։
Հետաքննության մեկ այլ հատված, ինչպես հայտնում է The New York Times-ը, նվիրված է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնին, որը մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ։
Տվյալների արտահոսքի համաձայն՝ 2019 թվականին Deutsche Bank-ը ԱՄՆ իշխանություններին ավելի քան 20 հաղորդում է ներկայացրել Էփշթեյնի հետ կապված կասկածելի ֆինանսական գործարքների վերաբերյալ։ Դրանց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 600 միլիոն դոլար։ Գործարքները ներառել են փոխանցումներ կանանց և վճարումներ ունևոր հաճախորդներից։ Deutsche Bank-ը Էփշտեյնի ֆինանսական սպասարկումն սկսել էր դեռևս 2013 թվականին՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս 2008 թվականին արդեն դատապարտվել էր սեռական բնույթի հանցագործությունների համար։
Տվյալների արտահոսքի մասին լուրը հանգեցրել է Deutsche Bank-ի բաժնետոմսերի գնի անկմանը։ Reuters գործակալության հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին դրանք էժանացել են 6,2 տոկոսով՝ հասնելով 30,88 եվրոյի։
Միաժամանակ, բանկը հայտարարել է, որ միջադեպի հետևանքով էական ֆինանսական հետևանքներ չի ակնկալում, քանի որ խոսքը վերաբերում է «շատ տարիներ առաջ» տեղի ունեցած իրադարձություններին։ Նշվում է, որ վարչության նախագահ Քրիստիան Զևինգի ղեկավարությամբ Deutsche Bank-ը ենթարկվել է «արմատական փոփոխությունների» և այժմ «բոլորովին այլ բանկ է»։
Այնուամենայնիվ, թրեյդերները մտահոգություն են հայտնել, որ լրատվամիջոցների կողմից գործադրվող լայնածավալ ճնշումը կարող է անձամբ անդրադառնալ Զևինգի վրա, ինչը, նրանց գնահատմամբ, «բացասական հետևանքներ կունենա»։