Դատարանը մերժեց Վեհափառի եղբոր ու եղբորորդու խափանման միջոցի պայմանի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։ Մայիսի 26-ին նիստում հարցաքննվեցին վկաները։

Փաստաբան Էմին Խաչատրյանը դատարանին խնդրեց պաշտպանական կողմին հնարավորություն ընձեռել ևս մեկ անգամ քննարկելու պաշտպանյալների հետ լրացուցիչ այլ միջնորդություններ ունենալու կամ չունենալու հանգամանքը, քանի որ, նրա ձևակերպմամբ, կարևոր տվյալներ հայտնվեցին ոստիկանության աշխատակիցների կողմից։ «Ես չէի կարող այս միջնորդությամբ հանդես գալ, քանի դեռ չէի լսել վկաներին, իմ կարծիքով՝ վկաները պաշտպանության կողմի համար մեր պնդումներն ամրապնդելու և դատարանում մեր վստահորդների անմեղությունն ապացուցելու համար կարևոր նշանակություն ունեցող հանգամանքներ հայտնեցին։ Դրա համար դատարանից խնդրում եմ այս փուլը չավարտել։ Չնայած չեմ կարող կանխորոշել՝ միջնորդություն կունենա՞նք, թե՞ ոչ, կարող ենք մի փոքր ավելի ուշ սկսել դատական նիստը։ Մենք դատական նիստը ձգձգելու անհրաժեշտություն չունենք, ուղղակի, եթե դատարանի համար ընդունելի կլինի, խնդրում եմ այս տարբերակով շարժվենք»,- ասաց Գևորգ և Համբարձում Ներսիսյանների պաշտպանը։

Հանրային մեղադրողը առարկեց՝ ասելով, որ պաշտպանը չի նշել, թե որն էր էական հանգամանքը, որի պատճառով նման միջնորդություն է ներկայացնում։ Պաշտպանն ասաց, որ իր կողմնորոշումն է հայտնել, մնացյալը թողնում է դատարանի հայեցողությանը, որպեսզի կողմի մոտ տպավորություն չստեղծվի, թե փորձում են ձգձգել դատական նիստը։

Հաշվի առնելով վկաների կողմից ցուցմունքներում նշված հանգամանքների բովանդակությունը՝ դատարանը որոշեց պաշտպանական կողմին ընձեռել հնարավորություն համապատասխան միջնորդություններով հանդես գալու համար։ Փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ ցանկանում են միջնորդություն ներկայացնել պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանների փոփոխման հետ կապված՝ հաշվի առնելով Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և վարչական հսկողության տարածք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Ոսկեհատ համայնքի տարածքի փոխարեն։ Պաշտպանը հավաստիացրեց, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները կդրսևորեն պատշաճ և իրավագիտակ վարքագիծ։

Դատարանը, սակայն, կիրառված խափանման միջոցի պայմանի փոփոխման անհրաժեշտություն չտեսավ և մերժեց ներկայացված միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment