Քաղաքականություն
26.05.2026 | 13:19
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է, չնայած ամերիկյան նոր հարվածներին, որոնք կասկածի տակ են դնում նրանց փխրուն հրադադարը, գրում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով AFP-ին։
«Այսօր Կատարում որոշ բանակցություններ էին ընթանում, ուստի կտեսնենք՝ արդյո՞ք կարող ենք առաջընթաց գրանցել։ Կարծում եմ՝ շատ են խոսում նախնական փաստաթղթի որոշակի ձևակերպումների մասին, ուստի դա մի քանի օր կտևի։ Նախագահը հայտնել է դա անելու ցանկությունը։ Նա կա՛մ լավ գործարք է կնքելու, կա՛մ ոչ»,- Հնդկաստան կատարած այցի ժամանակ Ջայպուրում լրագրողներին ասել է Ռուբիոն։
ԱՄՆ հարվածները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Իրանի բարձրաստիճան բանակցողները ժամանել են Դոհա՝ ամիսներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու բանակցությունների վերջին փուլի համար, որը Իրանին դրդել է շրջափակել Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային էներգակիրների արտահանման կարևորագույն զարկերակը։
Ռուբիոն լրագրողներին ասել է, որ «նեղուցները պետք է բաց լինեն»։
«Դրանք այս կամ այն կերպ բացվելու են։ Այնտեղ տեղի ունեցողն անօրինական է, անկայուն է աշխարհի համար, անընդունելի է»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը «ինքնապաշտպանական հարվածներ» են հասցրել Հորմուզի նեղուցի շուրջ գտնվող իրանական հրթիռային կայաններին և նավակներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի