Արցախի նախկին պաշտոնյա Ֆելիքս Գաբրիելյանը Պաշտպանության նախարարությունից ծանուցում է ստացել, որ ազատի բնակարանը. «Ազատություն»

«Ծպտուններդ դուրս չգա, Ղարաբաղի նախկին պաշտոնյա, պսևդոէլիտայի ներկայացուցիչներ, մեկիդ ծպտունը դուրս չգա, վեր ընկեք տեղներդ». ղարաբաղցիների հասցեին վարչապետ Փաշինյանի այս խոսքերից հետո Արցախի նախկին պաշտոնյա Ֆելիքս Գաբրիելյանն էլ Պաշտպանության նախարարությունից ծանուցում է ստացել, որ ազատի բնակարանը:

Երևանյան այդ տունը նա որպես ծառայողական կեցավայր էր ստացել էր 2008-ին՝ կառավարության որոշմամբ, երբ Հայաստանի ՊՆ-ի ռազմական խորհրդի անդամ էր:

Գաբրիելյանի փաստաբան Ռոման Երիցյանը 10 հոգանոց ընտանիքին տնից հանելու որոշումը կապում է Փաշինյանի վերջին հայտարարությունների ու նախընտրական զգուշացումների հետ. «Ավելի քան համոզված եմ»:

Ֆելիքս Գաբրիելյանը Արցախում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 12 տարի զինկոմիսարիատն է ղեկավարել, Պաշտպանության բանակում է պաշտոն ունեցել, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական խորհրդի անդամ է եղել, իսկ Ադրբեջանի վերջին հարձակման ու Ղարաբաղի հայաթափման ժամանակ բնապահպանության ոլորտն է ղեկավարել:

Տարիներ առաջ Երևանում ստացած նրա բնակարանը 60 քառակուսի մետր է՝ ապրում են մեծ ընտանիքով: Ինչո՞ւ հանկարծ որոշեցին, որ 18 տարվա կեցավայրը պետք է հիմա լքի, ինչ հիմքով՝ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը զանգերին ու նամակին չպատասխանեց, ավելի ուշ ասաց՝ գրավոր դիմենք: Փաստաբանի խոսքով, այսպես են հիմնավորել. «Բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ»:

«Գրեթե19 տարվա վաղեմություն ունեցող վարչական ակտը փորձում են դիտարկել ոչ իրավաչափ՝ առանց որևէ պարզաբանման կամ առանց որևէ փաստական հիմնավորման», – ասաց Ռոման Երիցյանը:

Արցախցի նախկին պաշտոնյան չի պատրաստվում դուրս գալ բնակարանից, դիմելու են դատարան: Փաստաբանի տեղեկություններով՝ նա միակ արցախցին չէ, որ այս օրերին նման ծանուցում է ստացել: Թե հստակ քանի՞սն են՝ նախարարությունից դեռ սա էլ ճշտել չի հաջողվել:

«Այլ արցախցիների ևս ուղարկվել է, հիմնականում Պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորական սպաներն էին», – նշեց Երիցյանը:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբաղբյուր կայքում

Ֆելիքս Գաբրելյանի լուսանկարը՝ Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment