Թրամփ․ Իրանի հետ գործարքը պետք է կնքվի Աբրահամի համաձայնագրերի ընդլայնմանը զուգահեռ

Իրանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պետք է ընթանա Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրերում նոր մահմեդական երկրների ներգրավմանը զուգահեռ։ Այս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Խնդրում եմ այս բոլոր երկրներին անհապաղ պարտադիր կարգով ստորագրել Աբրահամի համաձայնագրերը»,-երկուշաբթի օրն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է նա։

Ինչպես նշել է Թրամփը, խոսքը Սաուդյան Արաբիայի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Հորդանանի և Եգիպտոսի մասին է։

«Հավանականություն կա, որ նրանցից մեկը կամ երկուսը դա չանելու հիմքեր կունենան… Սակայն մեծ մասը պետք է պատրաստ լինեն, ցանկություն և հնարավորություն ունենան Իրանի հետ այս կարգավորումը վերածելու ավելի մասշտաբային պատմական իրադարձության»,-հայտարարել է ԱՄՆ առաջնորդը։

2020 թվականին ԱՄՆ-ն գործընթաց սկսեց, որն ուղղված էր Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Արդյունքում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ, որը ստացավ «Աբրահամի խաղաղության համաձայնագրեր» անվանումը։ Համաձայնագրերին միացան ԱՄԷ-ն, Բահրեյնը, Մարոկկոն և Սուդանը։ Սուդանի իշխանությունները հայտարարեցին համաձայնագրերին միանալու շահագրգռվածության մասին և ստորագրեցին հռչակագրի մասը, սակայն Իսրայելի հետ համապատասխան փաստաթուղթ դեռևս չեն կնքել։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով ագրեսիայի զոհ էր դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին հրադադարի մասին։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվեցին անարդյունք։ Ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չէր հաղորդվում, սակայն ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Ներկայումս կողմերը, Պակիստանի միջնորդությամբ, աշխատում են հակամարտության դադարեցման մասին հուշագրի շուրջ։

Sputnik Արմենիա

Leave a comment