«Եթե հայտարարվում է, որ ընտրությունը լինելու է բացառապես տնտեսական, ապա հանրությանը պետք է ներկայացվի ոչ թե «այս տեխնոլոգիան ավելի էժան է» ձևակերպումը, այլ համադրելի թիվ։ Այդ թիվը պետք է լինի էլեկտրաէներգիայի ամբողջ կյանքի ցիկլի բերված արժեքը՝ LCOE-ն, ցանկալի է նաև համակարգային ծախսերի հաշվառմամբ»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
-«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը «կոնկրետ առաջարկ» է ներկայացրել, ի՞նչ է նշանակում։ Արդյո՞ք արդեն կա ֆինանսավորման մոդել, ժամկետ, արժեք և պայմանագիր, թե՞ «կոնկրետ» նշանակում է միայն տեխնոլոգիական առաջարկ։
-Հանրայնացված տեղեկատվությունից մենք գիտենք հիմնական տեխնոլոգիական պարամետրը՝ խոսքը առնվազն 1 ԳՎտ հզորությամբ ВВЭР-1000 տիպի բլոկի մասին է։ Բայց հրապարակային դաշտում դեռ չկան նախագծի ամբողջական արժեքը, ֆինանսավորման կառուցվածքը, վարկի տոկոսադրույքը, շինարարության հստակ ժամկետը, պետական երաշխիքների ծավալը և վերջնական պայմանագրային սխեման։ Ավելին, հենց Լիխաչովն է նշել, որ «Ռոսատոմը» առաջիկա ամիսներին պետք է ձևակերպի առավել մրցունակ առաջարկը։ Հայաստանի կառավարության հաղորդագրությունում ևս խոսվում է առաջարկների և դրանց իրականացման հնարավոր մեխանիզմների մասին, ոչ թե արդեն ստորագրման պատրաստ EPC պայմանագրի։ Ուստի այսօր «կոնկրետը» ես ավելի շատ կընկալեի որպես տեխնոլոգիական լուծման կոնկրետացում. կա առաջարկվող ռեակտորի ընտանիք, կա առաջարկվող հզորություն, հավանաբար կան նաև նախնական ֆինանսատնտեսական հաշվարկներ, որոնք դեռ հրապարակված չեն։ Իսկ իրական կոնկրետությունը կսկսվի այն պահին, երբ սեղանին կդրվեն թվերը՝ CAPEX-ը, վարկի գինը, շինարարության ժամկետը, մեկ կՎտժ-ի հաշվարկային արժեքը, վառելիքի մատակարարման պայմանները, թափոնների և շահագործումից հանելու ծախսերը։
-Եթե ՀԱԷԿ-ը հնարավոր է պահել մինչև 2046 թվականը, ինչո՞ւ է հիմա անհրաժեշտ որոշել նոր բլոկի հարցը, և հակառակը՝ եթե մինչև 2046-ը պահելը տնտեսապես անիմաստ է, ինչո՞ւ դա ընդհանրապես քննարկվում է։
-Այստեղ հակասություն չկա։ 2046 թվականը պետք է դիտարկել ոչ թե որպես ռազմավարություն, այլ որպես ապահովագրական տարբերակ։ Նոր ատոմային բլոկը սեղանի վրա որոշելուց մինչև առևտրային շահագործման հասցնելը կարող է պահանջել տասը և ավելի տարի՝ ներառյալ տեխնոլոգիայի ընտրություն, ֆինանսական փակում, լիցենզավորում, նախագծում, շինարարություն, փորձարկումներ և ցանցին միացում։ Եթե Հայաստանը նոր բլոկի մասին սկսի մտածել միայն 2035-2036 թթ., դա շատ ուշ կլինի։ Հենց այդ պատճառով ընտրությունը պետք է կատարվի հիմա: Մյուս կողմից, մինչև 2046 թ. երկարաձգման տարբերակի ուսումնասիրությունն էլ տրամաբանական է։ Այն Հայաստանին տալիս է ժամանակային ռեզերվ, եթե նոր նախագծի շինարարությունը ուշանա կամ ընտրված տեխնոլոգիան դեռ կոմերցիոն հասունության բավարար մակարդակ չունենա։ Սակայն 2046-ը չպետք է դառնա նոր բլոկի վերաբերյալ որոշումը հետաձգելու պատրվակ։ Երկարաձգումը կամուրջ է, հնարավորություն, ոչ թե վերջնական լուծում։
-Եթե ընտրությունը բացառապես տնտեսական է, ո՞րն է այն թիվը, որով մենք կարող ենք համեմատել ռուսական ВВЭР-1000-ը ամերիկյան SMR-ների հետ. մեկ կՎտժ-ի ամբողջական արժեքը ո՞րն է։
-Հենց սա է հիմնական հարցը։ Եթե հայտարարվում է, որ ընտրությունը լինելու է բացառապես տնտեսական, ապա հանրությանը պետք է ներկայացվի ոչ թե «այս տեխնոլոգիան ավելի էժան է» ձևակերպումը, այլ համադրելի թիվ։ Այդ թիվը պետք է լինի էլեկտրաէներգիայի ամբողջ կյանքի ցիկլի բերված արժեքը՝ LCOE-ն, ցանկալի է նաև համակարգային ծախսերի հաշվառմամբ։ Ընդ որում, հաշվարկի մեջ պետք է մտնեն ոչ միայն ռեակտորի գինը, այլև վարկի արժեքը, շինարարության ընթացքում կապիտալի սպասարկումը, վառելիքը, շահագործումը, վերանորոգումները, ապամոնտաժումը, թափոնների կառավարումը և Հայաստանի էլեկտրական ցանցի համար անհրաժեշտ լրացուցիչ ներդրումները։ Այսօր ես չէի տա մի թիվ և ասեի՝ օրինակ, «ВВЭР-ը 7 ցենտ է, SMR-ը՝ 10 ցենտ»։ Դա մասնագիտական առումով սխալ կլինի։ Ամերիկյան SMR-ների մեծ մասը դեռ առաջին կոմերցիոն նախագծերի փուլում է։ Տարբեր գնահատականներով 2030-ականների SMR-ների հաշվարկային LCOE-ն կարող է մոտենալ 94-121 դոլար/ՄՎտ.ժ միջակայքին, սակայն դա արդեն հասունացած, կրկնվող նախագծերի վերաբերյալ մոդելավորում է, ոչ թե Հայաստանի համար ստացված կոմերցիոն առաջարկ։ Նույնը վերաբերում է ռուսական առաջարկին։ Քանի դեռ չենք տեսել նախագծի CAPEX-ը, վարկի տոկոսադրույքը, մարման ժամկետը և երաշխավորված շինարարական ժամկետը, չենք կարող ասել, թե հայկական սպառողի համար 1 կՎտ.ժ-ն իրականում որքան կարժենա։
-Մեկ ԳՎտ-ը Հայաստանի կարի՞քն է, թե՞ Ռուսաստանի առաջարկած տեխնոլոգիայի տրամաբանական չափը։
-Ես կասեի՝ այստեղ երկու տրամաբանություն իրար են հանդիպում։ Նախ՝ ռոսական կողմն ունի տարբեր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ մոդուլային: Ռուսական կողմը պնդում է, որ մինչև 2040 թ. Հայաստանի պահանջարկը կաճի և այդ պատճառով առաջարկում է առնվազն 1 ԳՎտ հզորություն։ Բայց 1 ԳՎտ-ը նաև մեծ ռեակտորային նախագծի բնական տեխնոլոգիական մասշտաբն է։ Հետևաբար մենք պետք է հակառակ կողմից մոտենանք հարցին՝ ոչ թե ինչ հզորությամբ բլոկ է մեզ առաջարկվում, այլ ինչպիսի հզորություն կարող է օպտիմալ կերպով ինտեգրվել Հայաստանի էներգահամակարգում։ Հայաստանի համակարգը մեծ չէ։ Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա կատարված հաշվարկներում 2040 թ. պիկային պահանջարկը գնահատվում է մոտ 1,8 ԳՎտ։ Այս համատեքստում մեկ ԳՎտ-անոց բլոկը կարող է չափազանց խոշոր միավոր թվալ։ Սակայն, մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանում ԱԲ-ենթակառուցվածքների զարգացումը, մենք ինչ-որ պահի կարող ենք կագնել էլեկտրաէներգիայի պակասորդի փաստի առաջ, և եթե թվային տեխնոլոգիաների զարգացումը ընդունվում է որպես երկարաժամկետ ռազմավարություն, ապա Հայաստանին անհրաժեշտ կլինեն մեծ գեներացնող հզորություններ, որոնք ի վիճակի կլինեն բավարարել աճող պահանջարկը: Մյուս կողմից, եթե Հայստանը ձգտում է կայանալ որպես էլեկտրաէներգիա արտահանող, ինչի նախադրյալները կան, ապա կոնվեցիոնալ հզորության ատոմակայանը ևս անհրաժեշտ է դառնում: Մեր հարևաններից առնվազն երկուսը՝ Իրանն ու Վրաստանը ունեն էլեկտրաէներգիայի ներկրման աճող պահանջ: Իրանի հյուսիսային շրջաններում ավանդաբար պակասորդ է, Վրաստանում էլ պակասորդի կտրուկ աճ է կանխատեսվում արդեն 2030 թ.-ից ի վեր: Սա, կարծում եմ, պետք է դիտարկել որպես արտահանմանը զարկ տալու լուրջ հնարավորություն, հատկապես՝ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման ներքո:
–Նոր ռուսական բլոկը մեզ էներգետիկ անվտանգությո՞ւն է տալիս, թե՞ ստեղծում է նոր՝ տեխնոլոգիական և վառելիքային կախվածություն։
-Ատոմային կայանը Հայաստանի համար էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոն է, որովհետև ապահովում է մեծ ծավալի բազային արտադրություն և նվազեցնում է էլեկտրաէներգիայի արտադրության ուղղակի կախվածությունը բնական գազից։ Այդ իմաստով նոր ատոմային հզորությունը բարձրացնում է անվտանգությունը։ Խնդիրը չպետք է լինի Ռուսաստանի հետ համագործակցության բացառելը, ինչպես հայտարարում են մերձիշխանական շրջանակները: Դա սխալ հարցադրում է։ Ճիշտ հարցն է՝ ինչպե՞ս այնպես կառուցել ռուսական նախագիծը, որ այն 60-80 տարվա ընթացքում չդառնա մեկ մատակարարից անփոխարինելի կախվածություն։ Սա, ի դեպ, շատ լավ հասկանում են նաև Մոսկվայում: «Ռոսատոմը» հիմա ինքն էլ առաջարկում է հայկական նախագիծը իրականացնել միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ եվրոպական և ասիական արտադրողների ներգրավմամբ։ Սա ճիշտ մոտեցում է, եթե խոսքը ոչ թե խորհրդանշական մասնակցության, այլ իրական տեխնոլոգիական դիվերսիֆիկացման մասին է։
–Եթե վաղը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները հայտնվեն փակուղում, ո՞րն է այն կոնկրետ պայմանագրային մեխանիզմը, որը թույլ կտա, որ հայկական ատոմակայանը շարունակի նորմալ աշխատել։
-Այստեղ ես շատ ուղիղ կպատասխանեմ. չկա մեկ պայմանագրային կետ, որը կարող է 60 տարվա ընթացքում ատոմակայանը լիովին պաշտպանել աշխարհաքաղաքական ճգնաժամերից։ Հետևաբար անվտանգությունը պետք է կառուցել ոչ թե մեկ կետի, այլ մի քանի շերտերի վրա։ Նախ՝ երկարաժամկետ վառելիքային պայմանագիր և ֆիզիկական վառելիքային պաշար։ ՄԱԳԱՏԷ-ն հենց երկարաժամկետ պայմանագրերը, մատակարարների դիվերսիֆիկացիան և մի քանի տարվա համար անհրաժեշտ պաշարի պահպանումը դիտարկում է մատակարարման անվտանգության հիմնական գործիքների շարքում։
Երկրորդ՝ նախագծման սկզբից երկրորդ վառելիքային մատակարարի տեխնիկական և լիցենզավորման հնարավորությունը։ Երրորդ՝ Հայաստանի կողմից ամբողջական տեխնիկական փաստաթղթերի հասանելիություն, տեղական անձնակազմի պատրաստում և սպասարկման որոշ գործառույթների տեղայնացում։ Չորրորդ՝ միջազգային մատակարարների ներգրավում, որպեսզի ամբողջ կայանը տեխնոլոգիական առումով կապված չլինի մեկ պետության արդյունաբերական շղթայի հետ։ Եվ, իհարկե, պայմանագրերում պետք են միջազգային արբիտրաժ, ֆորս-մաժորի, սահմանափակումների դեպքում պարտավորությունների կատարման այլընտրանքային սխեմաներ։ Բայց պետք է հասկանալ նաև դրանց սահմանները: Եթե հարաբերությունները հասնում են լիակատար քաղաքական խզման կամ լայն պատժամիջոցային ռեժիմի, որևէ պայմանագիր ինքն իրենով ֆիզիկական մատակարարում չի ապահովում։ Այդ պատճառով ես ընդհանրապես չէի ձևակերպի նոր ատոմային բլոկի ընտրությունը որպես «բացառապես տնտեսական» խնդիր։ Ատոմակայանը սովորական էլեկտրակայան չէ։ Այն կառուցվում է վաթսուն, հնարավոր է՝ ութսուն տարվա համար։ Այդ ժամանակահատվածում փոխվելու են կառավարություններ, դաշինքներ, շուկաներ և միջազգային հարաբերությունների ամբողջ համակարգը։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
02.10.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: