«Տո լավ, այ մարդ, ինձ բան մի սովորեցրու․ թոշակը 10 հազար ավելացրիր, 20 հազար թանկացավ»․ գյումրեցի թոշակառուն՝ Փաշինյանին

«Թոշակները քիչ ես ավելացնում, հնարավոր չէ ապրել»,-Գյումրիում ՔՊ քարոզարշավի ընթացքում գյումրեցի թոշակառուն դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա էլ հարցրեց՝ անկանխիկ առևտուր անո՞ւմ ես, որ անես, գումար հետ կգա։ Թոշակառուն էլ ասաց․ «Նաղդ փող եմ տալիս, ես անգրագետ մարդ եմ՝ հարյուր տարեկան»։ Փաշինյանն էլ հորդորեց՝ փողի տեղը մի հատ «ճըտ» արա, թոշակառուն էլ վրդովվեց․ «Տո լավ, այ մարդ, ինձ բան մի սովորեցրու, սաղ կյանքս նաղդ է եղել․․․ մեր սպառողական զամբյուղն ինչքա՞ն է՝ 120-130 հազար, իսկ դու ընդամենը 45000-46000 փող ես տալիս, 10 հազար ավելացրիր, 20 հազար թանկացավ»։

Փողոցում ելակ վաճառող մի տղամարդ էլ Նիկոլ Փաշինյանին ասաց․ «Մեր Գյումրու հին շուկան մեզ տվեք։ Հին տեղը տվեք մեզ, մի խաբեք»։

ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջային զարգացման կլաստերով Թումոյի հետ շուկա են կառուցելու։ Գյումրեցի տղամարդն էլ հակադարձեց․ «Թումոն չի տա շուկան, Թումոյին տվեք ուրիշ տարածք, թող գնա, հին շուկան տվեք ժողովրդին»։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին մի արցախցի կին մոտեցավ ու ասաց․ «Տղաս մահացել է Արցախում, աղջիկս հիվանդ է, ես տուն եմ ուզում»։

ՔՊ-ի քարոզարշավը Գյումրիում ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment