«Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր». թարգմանական փորձառություն, պատմական հիշողություն և մշակութային երկխոսություն

Իրանագետ և պարսկերենից հայերեն թարգմանիչ Մարիամ Զազյանի անդրադարձը Ալի Խամենեիի հուշերի հայերեն առաջին թարգմանության ստեղծման պատմությանը, վերնագրի ընտրության խորհրդաբանությանը և հայ ընթերցողին իրանական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնելու առանձնահատկություններին։

«Ես այնքան համբերատար կլինեմ, մինչև համբերությունն ինքը գիտակցի, որ ես համբերել եմ մի բանի համար, որն ավելի դառն է, քան հենց ինքը՝ համբերությունը»։

Այս խոսքերը, որոնք արտահայտում են գրքի հուշագրական և գաղափարական բովանդակության կարևոր շերտերից մեկը, որոշակիորեն բնութագրում են նաև այն պատմական միջավայրը, որի մասին պատմվում է «Արյուն, որը դարձավ ռուբին․ բանտային հուշեր» աշխատությունում։ Որոշ գրքեր թարգմանելու որոշումը պայմանավորված է դրանց գրական արժեքով, որոշներին անդրադառնալը բխում է մասնագիտական հետաքրքրությունից, իսկ երբեմն ստեղծագործության բովանդակությունն ու պատմական նշանակությունն այնպիսի հիմք են ստեղծում, որ դրա մեկ այլ լեզվով ներկայացումը վերածվում է պատասխանատու մշակութային նախաձեռնության Ալի Խամենեիի «خون دلی که لعل شد» գրքի հայերեն թարգմանությունն ինձ համար այդպիսի աշխատանք դարձավ։

Որպես իրանագետ և պարսկերենից հայերեն թարգմանիչ՝ մասնագիտական գործունեությանս ընթացքում մշտապես կարևորել եմ Իրանի պատմության, մշակույթի, հասարակական մտքի և գրականության ուսումնասիրությունն ու հայ ընթերցողին դրանց ներկայացումը։ Հայաստանի և Իրանի աշխարհագրական հարևանությունը, պատմական առնչություններն ու բազմադարյա մշակութային կապերը փոխադարձ ճանաչման և համագործակցության լայն հնարավորություններ են ստեղծում։ Այդուհանդերձ, մշակութային երկխոսությունը պահպանելու և զարգացնելու համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք, որի կարևորագույն ուղղություններից մեկը գրական և պատմական ստեղծագործությունների թարգմանությունն է։ Երբ առաջին անգամ ամբողջությամբ ծանոթացա գրքին, հասկացա, որ այն կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև հայ ընթերցողի համար։ Գիրքը ներկայացնում է Իրանի նորագույն պատմության որոշակի ժամանակաշրջան՝ անդրադառնալով հասարակական և քաղաքական իրադարձություններին, բանտային կյանքին, անձնական փորձառություններին, գաղափարական համոզմունքներին և մարդկային փոխհարաբերություններին։ Ինձ համար կարևոր էր, որ հայ ընթերցողը հնարավորություն ունենա ծանոթանալու այս պատմությանը հենց հուշագրական շարադրանքի միջոցով՝ բացահայտելով ոչ միայն իրադարձությունների պատմական համատեքստը, այլև դրանց մարդկային ու անհատական կողմը։

Մեկուկես տարվա թարգմանական աշխատանք. լեզվական ճշգրտությունից մինչև պատմամշակութային համատեքստ։ Գրքի հայերեն թարգմանության աշխատանքները տևեցին շուրջ մեկուկես տարի։ Այդ ընթացքում այն դարձավ իմ մասնագիտական գործունեության առավել ծավալուն և պատասխանատու նախագծերից մեկը։ Մինչև թարգմանությունն սկսելը՝ աշխատությունը մի քանի անգամ ամբողջությամբ ուսումնասիրել էի։ Թարգմանության ընթացքում ևս պարբերաբար վերադառնում էի առանձին հատվածների, համադրում ձևակերպումները, ուսումնասիրում պատմական իրադարձությունները և ճշտում տարբեր հասկացությունների իմաստները։ Գրքի յուրաքանչյուր գլուխ պահանջում էր առանձին մոտեցում, քանի որ աշխատության մեջ համատեղված են կենսագրական, պատմական, քաղաքական, կրոնական և գրական տարբեր շերտեր։ Այս փորձառությունն ինձ համար ևս մեկ անգամ հաստատեց, որ պատմական և գաղափարական բովանդակություն ունեցող ստեղծագործության թարգմանությունը չի կարող սահմանափակվել երկու լեզուների բառապաշարի և քերականական կառուցվածքների իմացությամբ։ Անհրաժեշտ է խորությամբ ճանաչել սկզբնաղբյուրի պատմական միջավայրը, հասկանալ հիշատակվող անձանց ու իրադարձությունների նշանակությունը, տիրապետել համապատասխան կրոնական և մշակութային հասկացություններին և կարողանալ դրանք ճշգրտորեն փոխանցել թիրախային լեզվով։ Թարգմանության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն եմ դարձրել հայերեն շարադրանքի լեզվական բնականությանը, ոճական ամբողջականությանը և բովանդակային ճշգրտությանը։ Իմ հիմնական նպատակն էր ստեղծել այնպիսի հայերեն բնագիր, որը միաժամանակ հավատարիմ կմնար սկզբնաղբյուրին և ընթերցողի համար կլիներ ընկալելի, սահուն ու մատչելի։ Առանձին աշխատանք պահանջեցին գրքում ներառված արաբերեն հատվածները։ Այս հարցում աջակցել է դոկտոր Ասադի Մովահեդը։ Արաբերեն հատվածների բովանդակությունը նախ ներկայացվել և բացատրվել է պարսկերենով, այնուհետև փոխանցվել հայերեն։ Այս գործընթացը կարևոր էր հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ էր պահպանել կրոնական բնույթի արտահայտությունների և պատմական հասկացությունների սկզբնական իմաստը։ Թարգմանական առանձին դժվարություններ էին ներկայացնում նաև բանաստեղծական հատվածները։ Պոեզիայի թարգմանությունը պահանջում է ոչ միայն բառային համարժեքների ընտրություն, այլև ստեղծագործության պատմական, գեղարվեստական և մշակութային միջավայրի ընկալում։ Հաճախ անհրաժեշտ էր երկարատև աշխատանք կատարել մեկ արտահայտության կամ տողի շուրջ՝ հայերեն տարբերակում պահպանելու բնագրի իմաստը, պատկերավորությունը և հուզական ազդեցությունը։ Այս առումով կարևոր էր նաև բանաստեղծական հատվածների հայերեն հնչողությունը։

Վերնագրի ընտրությունը և դրա խորհրդանշական նշանակությունը։ Թարգմանության ընթացքում առավել կարևոր որոշումներից մեկը գրքի հայերեն վերնագրի ընտրությունն էր։

«خون دلی که لعل شد» վերնագիրը տարբեր լեզուներով հրատարակվելիս ստացել է տարբեր թարգմանական լուծումներ։ Հայերեն տարբերակի մշակման ժամանակ իմ առաջնային խնդիրը բնագրի իմաստային և խորհրդանշական բովանդակության պահպանումն էր՝ միաժամանակ հաշվի առնելով հայերենի լեզվական առանձնահատկություններն ու ընթերցողական ընկալումները։ Բառացի թարգմանությունը, իմ գնահատմամբ, չէր ապահովի այն ամբողջական պատկերն ու խորհրդանշական ընկալումը, որն առկա է պարսկերեն բնագրում։ Բացի այդ, հայերեն հրատարակությունը լույս տեսավ հեղինակի մահից հետո, ինչը ևս որոշակի ազդեցություն ունեցավ վերնագրի վերջնական ձևակերպման ընտրության վրա։ Այդ պատճառով որոշեցի փոքր-ինչ փոփոխել բնագրի կառուցվածքը՝ պահպանելով դրա գաղափարական առանցքը։ Արդյունքում ընտրվեց «Արյուն, որը դարձավ ռուբին» տարբերակը։ Այս վերնագրում արյունը խորհրդանշում է տառապանքը, ցավը, ապրած փորձություններն ու դժվարությունները, իսկ ռուբինը՝ այդ ամենի արդյունքում ձեռք բերված արժեքը։ Ռուբինի՝ արյան գույնը հիշեցնող երանգը ևս կարևոր խորհրդանշական նշանակություն ունի։ Այն թույլ է տալիս պահպանել բնագրում արտահայտված պատկերային կապը՝ միաժամանակ վերնագրին հաղորդելով ինքնուրույն գեղարվեստական ընկալում։ Հեղինակի մահից հետո լույս տեսած հայերեն հրատարակության պարագայում այս խորհրդաբանությունն ինձ համար ձեռք բերեց նաև հիշողության և պատմական ժառանգության իմաստ։ Մարդու ապրած տառապանքը, փորձությունները և դրանց մասին թողած հիշողությունները ժամանակի ընթացքում կարող են վերածվել պատմական արժեք ներկայացնող ժառանգության։ «Ռուբին» բառի ընտրությունը պայմանավորված էր նաև դրա միջազգային ճանաչելիությամբ և հայ ընթերցողի համար հասկանալի լինելով։ Այսպիսով, վերնագրի հայերեն տարբերակը դարձավ բնագրի գաղափարը, այլ ոչ թե միայն բառային կառուցվածքը պահպանելու փորձ։ «Բանտային հուշեր» ենթավերնագիրն ընտրվել է աշխատության բովանդակային ուղղվածությունը հստակեցնելու նպատակով։ Այն ընթերցողին նախապես ներկայացնում է գրքի թեմատիկ շրջանակը և ընդգծում հուշագրական բնույթը։ Վերնագրի այս տարբերակը ներկայացվել է նաև Թեհրանում և ստացել համապատասխան հավանություն ու թույլտվություն։

Թարգմանությունը՝ որպես պատմամշակութային միջնորդություն։ Աշխատանքի ընթացքում աստիճանաբար ակնհայտ դարձավ, որ գիրքը հայերենով ներկայացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել տեքստի ճշգրիտ թարգմանությունը, այլև ընթերցողին տրամադրել համապատասխան պատմամշակութային տեղեկատվություն։ Իրանի նորագույն պատմության, իսլամական մշակույթի և քաղաքական համակարգի վերաբերյալ մի շարք հասկացություններ հայ ընթերցողի համար կարող են անծանոթ լինել։ Առանց լրացուցիչ պարզաբանումների՝ որոշ հատվածների բովանդակային ընկալումը կարող էր դժվարանալ։ Հետևաբար, թարգմանական աշխատանքին զուգահեռ իրականացվել է նաև պատմական, կրոնական և տերմինաբանական տեղեկությունների հավաքագրման ու համակարգման աշխատանք։

Գրքում անհրաժեշտության դեպքում բացատրություններ են տրվել քաղաքական և պատմական գործիչների, կրոնական անձանց, պատմական իրադարձությունների, գրքերի, աշխարհագրական վայրերի և տարբեր հասկացությունների վերաբերյալ։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև գրքի վերջում ներառված բառարանին։ Այն ընդգրկում է իսլամական, կրոնական, քաղաքական, աշխարհագրական և մշակութային բնույթի եզրույթներ։ Մեկնաբանվել են այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ այաթոլլահ, այաթոլլահ օզմա, իմամ, ամիր ալ-մումինին, մոլլա, սեյեդ, զահեդ, ֆաղիհ, մոջթահեդ, մարջա, շիա, սուննի, թաֆսիր, հադիս, սուրա, շարիաթ, հիջաբ և այլ տերմիններ։

Բառարանում ներառվել են նաև կրոնական և պատմական կարևոր գործիչների մասին տեղեկություններ, ինչպես նաև պարզաբանումներ Իրանի ժամանակակից քաղաքական պատմությանն առնչվող անձանց ու իրադարձությունների վերաբերյալ։

Գրքի վերջում տեղ են գտել նաև պատմական լուսանկարներ և փաստագրական պատկերներ՝ համապատասխան բացատրություններով։ Դրանք լրացնում են հիմնական շարադրանքը և նպաստում պատմական միջավայրի առավել ամբողջական ընկալմանը։

Այս աշխատանքով նպատակ եմ ունեցել գիրքը հասանելի դարձնել ընթերցողների ավելի լայն շրջանակի՝ այն չսահմանափակելով միայն իրանագետների, պատմաբանների կամ քաղաքականությամբ մասնագիտորեն հետաքրքրվող անձանց շրջանակով։ Կարևոր էր, որ հայ ընթերցողը կարողանա ծանոթանալ աշխատությանը նաև առանց Իրանի պատմության և իսլամական մշակույթի վերաբերյալ նախնական խորքային գիտելիքների։

Հայ-իրանական հարաբերությունների մարդկային չափումը գրքի էջերում

Գրքի թարգմանության ընթացքում առանձնահատուկ հետաքրքրություն ներկայացրին նաև այն դրվագները, որոնք անդրադառնում են հայերի և իրանցիների միջև ձևավորված մարդկային հարաբերություններին։

Դրանցից մեկն այաթոլլահ Խամենեիի՝ բանտային տարիներին հայազգի Ավանեսյանի հետ ծանոթության և հետագա ընկերական հարաբերությունների պատմությունն է։

Հուշերում նկարագրվում են Ռամազանի ընթացքում բանտարկյալների կազմակերպած համատեղ հավաքները։ Սկզբնական շրջանում Խամենեին առանձին էր պահվում, սակայն որոշ ժամանակ անց նրան թույլատրվում է միանալ մյուս բանտարկյալներին։ Այդ հանդիպումներին մասնակցում էր նաև Ավանեսյանը, որն իր նախաձեռնողականությամբ և կազմակերպչական մասնակցությամբ կարևոր դեր ուներ հավաքների կազմակերպման գործում։

Հատկանշական է, որ Խամենեին առանձնահատուկ ուշադրությամբ հիշատակում է Ավանեսյանի՝ մաքրության և կարգուկանոնի նկատմամբ վերաբերմունքը։ Նրա խուցը միշտ աչքի էր ընկնում մաքրությամբ։ Հուշերում նկարագրվում է նաև մի դրվագ, երբ Ավանեսյանն առաջարկում է իր վրա վերցնել հերթական հավաքի ծախսերը։ Աստիճանաբար այդպիսի հանդիպումների և մարդկային շփումների արդյունքում նրանց միջև ձևավորվում է ընկերություն։

Այս դրվագն ինձ համար կարևոր նշանակություն ուներ նաև որպես հայ-իրանական հարաբերությունների ուսումնասիրությամբ զբաղվող իրանագետի։ Այն ցույց է տալիս, որ երկու ժողովուրդների պատմական կապերը չեն սահմանափակվում միջպետական հարաբերություններով, դիվանագիտական փաստաթղթերով կամ քաղաքական իրադարձություններով։ Դրանց հիմքում հաճախ կանգնած են անհատական շփումները, փոխադարձ հարգանքը և մարդկային հիշողությունները։

Հատկանշական է նաև, որ Խամենեին հետագայում ևս հիշատակել է Ավանեսյանին՝ Իրանում հայ ընտանիքների հետ հանդիպումների ընթացքում։ Թեև նրանց հետագա շփումների շարունակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, այդ հիշողությունը կարևոր դրվագ է հայ ընթերցողի համար։

Իմ կարծիքով՝ նման պատմությունները հատկապես արժեքավոր են, քանի որ հնարավորություն են տալիս հայ-իրանական հարաբերությունները դիտարկելու ոչ միայն քաղաքական կամ պատմական, այլև մարդկային փոխհարաբերությունների տեսանկյունից։

Իրանական գրականության հայերեն թարգմանության հեռանկարները

Այս աշխատանքի ընթացքում առավել հստակ ուրվագծվեց նաև իրանագետ-թարգմանչի դերը Հայաստանի և Իրանի մշակութային հարաբերություններում։

Հայաստանում իրանական գրականության նկատմամբ հետաքրքրությունն ունի պատմական հիմքեր։ Հայ ընթերցողին համեմատաբար ավելի ծանոթ են իրանական դասական գրականության ներկայացուցիչները՝ Նիզամի Գյանջավին, Սաադին, Հաֆեզը, Ֆիրդուսին, Ռուդաքին, Խայամը և Մոլավին։ Սակայն ժամանակակից իրանական գրականության, հուշագրության և պատմական աշխատությունների հայերեն ներկայացման ոլորտում դեռևս առկա են չօգտագործված հնարավորություններ։ Իմ գնահատմամբ՝ կարևոր է ընդլայնել ոչ միայն առանձին ստեղծագործությունների թարգմանության ծավալը, այլև զարգացնել հայ և իրանցի հրատարակիչների, թարգմանիչների, գրական գործակալությունների ու մշակութային հաստատությունների միջև համագործակցությունը։

Ի դեպ, գիրքը հնարավոր է ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութների ցանցից, պատվիրել առցանց՝ «Երևան Բուք» հարթակի միջոցով, ինչպես նաև ձեռք բերել Երևանի Կապույտ մզկիթից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment