Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 միլիարդ 627 միլիոն դրամ արժեքով՝ 1054.2 հա մակերեսով հողատարածք
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք։
Դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել էր մի շարք այլ խախտումներ։
«Մասնավորապես՝
Վ. Հ.-ն 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Արարատի մարզպետի պաշտոնը, 2006 թվականի ընթացքում տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ. Ա.-ի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ. Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա. Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով՝ վարձակալության իրավունքով հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք։
2026 թվականի օգոստոսի 10-ին Դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։
Դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարվել է Արարատի մարզի դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել 3 միլիարդ 627 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1054.2 հա մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ մրցույթները, ինչպես նաև կիրառվել են անվավերության հետևանքներ, այն է՝ անվավեր են ճանաչվել հողամասերը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագրերը և դրանց նկատմամբ կատարված պետական գրանցումները։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի 1054.2 հա մակերեսով 4 հողատարածք»,- ասվում է Դատախազության տարածած հաղորդագրությունում։