Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը քննարկվել են հայկական երկաթուղու խնդիրները

Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը՝ քննարկելու հայկական երկաթուղու խնդիրները։ Այդ մասին հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խոսնակը, տեղեկացնում է «Ազատությունը»:

Քննարկումն ընթանում է փակ դռների հետևում, առանց լրատվամիջոցների մասնակցության։

Աշխատանքային խումբը ստեղծվել էր հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։

Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Տարեսկզբից հայկական կողմն առաջարկել է դիտարկել երկաթուղային համակարգի կառավարումը երրորդ երկրի փոխանցելու հնարավորությունը։ Ըստ Երևանի առաջարկի՝ այդ պետությունը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար։

Սակայն ռուսական կողմը չի ընդունել այդ նախաձեռնությունը։ Մոսկվայից զգուշացրել են, որ կոնցեսիոն պայմանագրի դրույթների փոփոխության կամ դրա վաղաժամկետ դադարեցման պարագայում կարող է առաջանալ հայկական երկաթուղային համակարգում կատարված ներդրումները վերադարձնելու պահանջ։

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայկական երկաթուղու կառավարումը ստանձնել է 30 տարի ժամկետով։ Գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2038 թվականը։ Պայմանագրով նախատեսված է նաև կառավարման ժամկետը ևս տասը տարով երկարաձգելու հնարավորություն։

Leave a comment