Գիշերները ջուր չի լինելո՞ւ․ ի՞նչ է ի վերջո որոշել «Վեոլիա Ջուրը»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարել էր, որ մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը ողջ երկրում գիշերային ժամերին ջրամատակարարումը կդադարեցվի։ Սակայն ավելի ուշ Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ «Վեոլիա Ջուր»-ը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխությունները չի համաձայնեցրել, և հրապարակված ժամանակացույցը կարող է ենթարկվել ճշգրտումների։

Արդյո՞ք ամբողջ Հայաստանում ամռանը նախատեսվում են ջրանջատումներ, և ինչո՞ւ արդեն մի քանի տարի շարունակ հատկապես ամռան ամիսներին կրկնվում են ջրանջատումները՝ մասնավորապես Ավանում, Քանաքեռ-Զեյթունում և Նոր Նորքում։

MediaHub-ը դիմել էր «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ հարցերի պատասխանները ստանալու համար։

«Վարձակալության պայմանագրով և ՀԾԿՀ-ի կողմից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված լիցենզիայով բաժանորդներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու պահանջ նախատեսված չէ։ Տարվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, հիմնականում ամառային ամիսներին, շոգ եղանակային պայմանների, համակարգի տեխնիկական հնարավորությունների, ջրաղբյուրների ջրատվության նվազման, ինչպես նաև աննախադեպ կառուցապատումների՝ հատկապես Երևանում և Երևանամերձ բնակավայրերում, հետևանքով ջրասպառողների թվի աճով պայմանավորված, հրապարակված գրաֆիկում կատարվում են համապատասխան փոփոխություններ։ Սակայն մինչև ներդրումային ծրագրերի ավարտը ընկերությունը շուրջօրյա ջրամատակարարում պահպանում է այնտեղ, որտեղ դա տեխնիկապես հնարավոր է»,- նշեցին «Վեոլիա Ջուր»-ից։

Մեր հարցմանն ի պատասխան ընկերությունից նաև ընդգծեցին, որ ջրամատակարարման համակարգում տարեցտարի խորանում է մի խնդիր, որը պայմանավորված է վերջին տարիներին կլիմայական գլոբալ փոփոխություններով։ Ամռան ամիսներին Հանրապետությունում գրանցվող բարձր ջերմաստիճանը և ջրասպառման ծավալների զգալի աճը հանգեցնում են լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի հետևանքով առաջանում է ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ընդլայնման ու հզորացման անհրաժեշտություն։

«Այս համատեքստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր միջոցները՝ խմելու ջրի պաշարներն առավել խնայողաբար օգտագործելու, ջրի օգտագործման նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և այդ ջրաքանակները ևս համակարգ ներգրավելու համար։ Բացի այդ, գնահատելով քաղաքի զարգացման ներկայիս միտումները, ընկերությունը ՀՀ կառավարության և պատկան մարմինների հետ քննարկում է ջրամատակարարման խաթարումներից խուսափելու և խնդրին համակարգային լուծում տալու տարբերակները՝ Երևանի համար ռազմավարական պաշար ձևավորելու, առկա համակարգերը հզորացնելու կամ նորերը կառուցելու, ինչպես նաև նոր ջրաղբյուրներ ներգրավելու ուղղությամբ, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից»,- հայտնեցին ընկերությունից։

Ընկերությունից հավելեցին նաև, որ ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային կոմիտեի, հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում նախատեսվում է 2025-2026 թվականներին իրականացնել շուրջ 11 մլրդ դրամի ներդրումային ծրագիր։ Նրանց հավաստմամբ՝ դրա արդյունքում առաջիկա տարիներին էապես կբարելավվի սպասարկվող բնակչությանը մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը։

Նշենք, որ, ինչպես տեղեկացանք «Վեոլիա Ջուր»-ի կայքից, որոշ հասցեներում գիշերային ժամերին իսկապես ջրամատակարարում չի լինելու, և արդեն կան հասցեներ, որտեղ այդ ժամերին ջուր չկա։

Մարիաննա Արամյան

Leave a comment