ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Executive Offsite Vol.1: Building the next generation of organizations» խորագրով միջոցառմանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Executive Offsite Vol.1: Building the next generation of organizations» խորագրով միջոցառմանը, որը միավորում է ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության, խորհրդատվական, ՏՏ և մի շարք այլ ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին։
Միջոցառման շրջանակներում նախարար Հովհաննիսյանը մասնակցել է «Կազմակերպությունները փոփոխվող տնտեսական և ֆինանսական միջավայրում» թեմայով քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել արագ փոփոխվող տնտեսական պայմաններում կազմակերպությունների կայունության և աճի հավասարակշռմանը, մարդկային կապիտալի արդյունավետ կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մտածողության կարևորությանը։
Քննարկվել են նաև փոփոխվող տնտեսական միջավայրում կազմակերպությունների առավել ճկուն և մրցունակ գործելու հնարավորությունները։ Այս համատեքստում նախարար Հովհաննիսյանը կարևորել է շարունակական զարգացման մշակույթը՝ ընդգծելով, որ կայուն հաջողության հասնելու ճանապարհին անհրաժեշտ է մշտապես ձգտել դեպի գերազանցություն։