Քաղաքականություն
13.11.2026 | 10:56
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՌԴ Վոլգոգրադի մարզին, ձեռնարկություն է հրդեհվել, զոհեր կան։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Անդրեյ Բոչարովը, գրում է Meduza-ն։
Նոյեմբերի լույս 13-ի գիշերը Բոչարովը հայտնել է, որ Վոլգոգրադի հարավային արդյունաբերական գոտում գտնվող ձեռնարկության տարածքում «անօդաչու թռչող սարքերի բեկորների» ընկնելու հետևանքով «տեղային հրդեհներ են արձանագրվել»։ Առավոտյան նա հավելել է, որ ձեռնարկության չորս աշխատակից զոհվել է, ևս երկուսը՝ հոսպիտալացվել։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքները գրում են, որ այրվում է «Լուկօյլ»-ին պատկանող Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանը։
Exilenova+ տելեգրամյան ալիքի հաշվարկներով՝ սա լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանի վրա 13-րդ հարձակումն է։ Հոկտեմբերի սկզբին Reuters-ը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուների հերթական հարձակումից հետո այն ամբողջությամբ դադարեցրել է նավթի վերամշակումը։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Վոլգոգրադի բենզալցակայաններում հերթեր են գոյացել, գրում են տեղական լրատվամիջոցները։ V1.ru-ի տվյալներով՝ ցանցային բենզալցակայաններում բենզինի պահանջված տեսակների գները բարձրացել են 50 կոպեկով։
Բացի այդ, գիշերը ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի ուղղությամբ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ նոյեմբերի 12-ի երեկոյից մինչև առավոտ Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ թռել է 467 անօդաչու սարք։ Նրա խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը դրանց հիմնական մասը ոչնչացրել են «հեռավոր մատույցներում», իսկ 144 անօդաչու սարք վնասազերծվել է Մոսկվային մոտենալիս։
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում՝ «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի», գիշերը չվերթների սահմանափակումներ են մտցվել։ Առավոտյան արդեն սահմանափակումները հանվել են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի