ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի արտահայտած տեսակետներին համահունչ անդրադարձ կա իրանական «Շարղ» օրաթերթում հրապարակված արտաքին քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների հարցերով իրանցի վերլուծաբան ու հրապարակախոս Մահմուդ Աշրաֆիի՝ «Իրանի ազգային շահերը եւ Հայաստանի ինքնիշխանությունը» վերնագրով հոդվածում՝ նվիրված Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումներին եւ Իրանի ազգային շահերի վրա դրանց հնարավոր ազդեցությանը։
Հեղինակը մասնավորապես անդրադառնում է հայ-իրանական սահմանի պահպանման ռազմավարական նշանակությանը, ուղի կամ TRIPP նախագծին, ինչպես նաեւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռության հնարավոր խախտման հետեւանքներին։
Աշրաֆիի համոզմամբ՝ Իրանի հյուսիսարեւմտյան սահմանների երկայնքով աշխարհաքաղաքական փոփոխություններն ու ուժերի հավասարակշռության խախտումը հակասում են Իրանի ազգային շահերին։ Նա ընդգծում է, որ Իրանի ազգային շահերով առաջնորդվող ցանկացած քաղաքական հոսանք պետք է դեմ լինի Հայաստանի եւ Իրանի միջեւ սահմանային փոփոխություններին։
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Աշրաֆին նշում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տարածքային վեճերը հանգեցրին պարտադրված հաշտության, որը, նրա դիպուկ գնահատմամբ, չէր համապատասխանում Հայաստանի ազգային շահերին։ Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական առճակատման ընթացքում Ռուսաստանը, չնայած հայկական կողմի հետ ունեցած խոր ռազմավարական կապերին, անհրաժեշտ աջակցություն չցուցաբերեց Երեւանին։ Արդյունքում առաջացած քաղաքական վակուումը, ռազմական ներուժի թուլացումն ու դիվանագիտական հնարավորությունների սահմանափակությունը, հեղինակի կարծիքով, Հայաստանին հարկադրեցին ընդունել Բաքվի պայմանները եւ հեռանալ Ղարաբաղից։
Աշրաֆին համոզված է, որ հայ-ադրբեջանական տարածքային հակամարտությունը նոր ծավալներ ստացավ Թուրքիայի պանթյուրքիստական շրջանակների միջամտության հետեւանքով։ Այս համատեքստում նա անդրադառնում է ուղուն կամ, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագծին, որի իրագործման դեպքում, ըստ նրա, Հայաստանը կարող է զրկվել Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզի հարավային հատվածի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքների լիարժեք իրականացումից։
Աշրաֆիի ներկայացմամբ՝ այսօր քննարկվող քաղաքական պայմանավորվածությունները նպատակ ունեն Հայաստանի Սյունիքի մարզի հարավային հատվածով ցամաքային կապ ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջեւանի միջեւ։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններում բավարար չափով հաշվի չի առնվել Հայաստանի ինքնիշխանության իրավունքը սեփական տարածքի նկատմամբ։ Աշրաֆին պնդում է, որ տարածքային նման փոփոխությունները կարող են հանգեցնել հայ-իրանական սահմանի վերացմանը կամ դրա աշխարհաքաղաքական նշանակության էական նվազեցմանը։
Հեղինակն Իրանի առարկությունները համարում է իրավական եւ քաղաքական առումով հիմնավորված՝ պնդելով, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Դրանց թվում նա առանձնացնում է պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը, միջազգային սահմանների անխախտելիությունը եւ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը։
Ամփոփելով իր միտքը՝ Մահմուդ Աշրաֆին ընդգծում է, որ Հայաստանի կողմից Սյունիքի հարավային հատվածում սեփական ինքնիշխանության լիարժեք իրականացման հնարավոր սահմանափակումը կարող է դառնալ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռության խախտման մեկնակետը։ Իսկ նման զարգացումները, հեղինակի համոզմամբ՝ չեն կարող բխել Իրանի ազգային շահերից։
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: