Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորները կաշխատեն դպրոցներում և երիտասարդական կենտրոններում և ՀԿ-ներում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել ԱՄՆ խաղաղության կորպուսի 31-րդ խմբի երդմնակալության արարողությանը, որի շրջանակում տեղի է ունեցել նաև կամավորներին վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ուիլիամ Օ՛րոարքը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը:

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորներն աշխատում են «Անգլերենի ուսուցում» և «Երիտասարդության զարգացում» ծրագրերի շրջանակում: Միջոցառման ընթացքում հնչել են 2 երկրների օրհներգերը. ՀՀ օրհներգը կատարել է «Խազեր» երգչախումբը, իսկ ԱՄՆ օրհներգը՝ Խաղաղության կորպուսի կամավորները: «Հաճըն» անսամբլը և Խաղաղության կորպուսի կամավորները հանդես են եկել հայկական ժողովրդական պարային կատարումներով: Ներկայացվել է Խաղաղության կորպուսի 31-րդ խմբի նախապատրաստական դասընթացի մասին պատմող տեսանյութ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս ծրագրի շոշափելի արդյունքները նկատելի մեր երկրի տարբեր բնակավայրերում. «Մարդկանց միջև կապերը և նման փոխհամագործակցություններն են իրականում ամրապնդում խաղաղության մթնոլորտը։ Հատկապես խորհրդանշական եմ համարում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նմանատիպ համագործակցությունը․ նախորդ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան հռչակագրերը խաղաղության նոր դարաշրջան են բացել մեր տարածաշրջանի համար։ Այս ծրագիրն ամբողջությամբ արտացոլում է մեր հարաբերությունների էությունը, օրակարգն ու նպատակադրումները։ Այս իմաստով կարևորում եմ կամավորների ներգրավվածությունը թե՛ անգլերենի ուսուցման, և թե՛ երիտասարդական կենտրոններում աշխատանքի մասով»։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ մարզային այցելությունների ժամանակ առիթ է ունեցել հանդիպելու Խաղաղության կորպուսի կամավորներին և արձանագրել, թե ինչպես են նրանք ամբողջությամբ ներգրավվում տվյալ բնակավայրի համայնքային կյանքում. «Ողջունում եմ մեր նոր կամավորներին, որոնք միանալու են Հայաստանում նախորդ տարիներին գործունեություն ծավալած Խաղաղության կորպուսի ավելի քան 1200 կամավորներին։ Մենք սիրով պատրաստ ենք այս ճանապարհն անցնել ձեզ հետ միասին: Բարի գալուստ Հայաստան»:

Հայաստանում Խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խումբը կազմված է 30 ամերիկացիներից. 19-ը կաշխատի դպրոցներում, իսկ 11-ը՝ երիտասարդական կենտրոններում և երիտասարդական հասարակական կազմակերպություններում։ Նրանք Հայաստան են ժամանել 2026 թվականի մարտին․ նախորդ 3 ամիսներին մասնակցել են նախապատրաստական դասընթացի, որի ընթացքում սովորել են հայերեն, ուսումնասիրել հայկական մշակույթը, ապրել Կոտայքի մարզի գյուղերի հայ ընտանիքներում։ Երդմնակալությունից հետո Խաղաղության կորպուսի կամավորները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն հաջորդ երկու տարիներին։

Երիտասարդության զարգացման ծրագրի կամավորներն իրենց երկու տարվա ծառայությունը կանցկացնեն Վերիշեն, Իջևան, Հրազդան, Ծովագյուղ, Գյումրի, Գավառ, Արթիկ, Ալափարս բնակավայրերում գործող երիտասարդական կենտրոններում: Կամավորներից ոմանք կգործուղվեն նաև երիտասարդական հասարակական կազմակերպություններ։

Խաղաղության կորպուսի «Անգլերեն ուսուցման» /ԱԼՈՒ/ ծրագրի կամավորները կաշխատեն դպրոցներում, ՄԿՈՒ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այս ծրագրի միջոցով Խաղաղության կորպուսը նպատակ ունի կատարելագործել անգլերեն դասավանդողների հմտությունները, հնարավորություններ ընձեռել սովորողներին հասնելու ակադեմիական հաջողության, ինչպես նաև բարելավել կյանքում հաջողության հասնելու հնարավորությունները:

Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին․ տարիներ ի վեր Խաղաղության կորպուսի ավելի քան 250 հազար կամավոր է ծառայել աշխարհի 144 երկրներում։ Այսօր Խաղաղության կորպուսը գործում է աշխարհի ավելի քան 60 երկրում։ Հայաստանում Խաղաղության կորպուսի ծրագիրը մեկնարկել է 1992-ից․ այս պահին ՀՀ տարբեր մարզերում ապրում և ծառայում է 43 կամավոր։

Leave a comment