Վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում կայացած ասուլիսի ընթացքում Արփինե Սարգսյանը շեշտել է, որ եթե հայկական կողմը կամ եվրոպացի գործընկերները գնահատեին, թե Հայաստանում առկա են արտագաղթի իրական և լուրջ ռիսկեր, ապա գործընթացը պարզապես այս փուլին չէր հասնի։
Նախարարի խոսքով՝ այդ գնահատականը հիմնված է մի շարք հստակ փաստերի և վիճակագրական տվյալների վրա։
Առաջին կարևոր ցուցանիշը, ըստ նրա, միգրացիոն դինամիկան է։ 2025 թվականը դարձել է առաջին տարին, երբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դրական միգրացիոն սալդո․ քաղաքացիների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է 8660։
«Սա նշանակում է, որ եթե իրական արտագաղթի խորացող ռիսկեր լինեին, մենք շարունակելու էինք արձանագրել բացասական դինամիկա, մինչդեռ այսօր պատկերն այլ է»,- նշել է նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր հանգամանքը Հայաստանի և Եվրոպական միության միջև գործող ռեադմիսիոն համաձայնագրերն են, որոնց շրջանակում Հայաստանը պատշաճ կերպով արձագանքում է անկանոն միգրացիայի դեպքերին։ Նախարարն ընդգծել է, որ ներկայացված դիմումների գերակշիռ մեծամասնությամբ Հայաստանը դրական որոշումներ է կայացրել և ստանձնել իր քաղաքացիներին հետ ընդունելու պարտավորությունը։
«Սա ևս ամրապնդել է մեր գործընկերների վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես պատասխանատու և կառուցողական գործընկերոջ»,- նշել է նա։
Արփինե Սարգսյանը նաև անդրադարձել է Եվրոպական միությունում ապաստանի հայցերի վիճակագրությանը։ Եթե 2016 թվականին ԵՄ երկրներում ապաստանի դիմում էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության 7795 քաղաքացի, ապա 2024 թվականին այդ թիվը նվազել է՝ կազմելով 5130։
Միևնույն ժամանակ, 2025 թվականին արձանագրվել է արդեն առավել էական նվազում․ ապաստանի դիմում է ներկայացրել ընդամենը 3535 ՀՀ քաղաքացի։
«Եթե այս տվյալները դիտարկենք նախորդ փաստերի համատեքստում, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների համար դառնում է ավելի գրավիչ և անվտանգ պետություն։ Մեր քաղաքացիները իրենց ապագան, անվտանգությունն ու կայունությունը ավելի հաճախ կապում են հենց Հայաստանի Հանրապետության հետ, և սա չափազանց կարևոր արձանագրում է»,- ասել է նախարար Սարգսյանը։
Նրա գնահատմամբ՝ հենց այս ցուցանիշներն են նաև եվրոպացի գործընկերներին հնարավորություն տալիս համոզվելու, որ Հայաստանի քաղաքացիները Եվրոպական միության տարածքում հավելյալ միգրացիոն ռիսկեր չեն ստեղծում և կարող են ազատ ու պատասխանատու կերպով այցելել Եվրոպա՝ զբոսաշրջային, կրթական, գործնական կամ այլ նպատակներով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: